«Transparency International-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 16-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխումը կատարվելու է ընտրություններից 7 օր առաջ` ընտրությունների օրվա փոխարեն, համարում է օրենքին հակասող։
Վերնոշյալ հարցին ՀԿ-ն արձագանքել էր ավելի վաղ, իսկ թե այդ փոփոխությունն ինչ վտանգներ է պարունակում ընտրությունների թափանցիկության ու ընտրական գործընթացների առումով, այս խնդրի շուրջ զրուցել ենք կազմակերպության ներկայացուցիչ, «Transparency International-Վրաստան»-ի ընտրական հարցերի համակարգող Գիգի Չիխլաձեի հետ։
Չիխլաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխության հետևանքը լինելու է վիճակահանության ընթացակարգը դիտորդների կողմից հսկելու որակի նվազումը, ինչը, նրա կարծիքով, անկասկած նվազեցնելու է նաև ընտրական գործընթացի թափանցիկությունը։
Մինչ այդ փոփոխությունը վերոնշյալ ընթացակարգն իրականացվում էր ընտրությունների օրը՝ ժամը 07:00-ից մինչև 08:00-ն, և այդ գործընթացին ներկա էին լինում լրագրողներ, միջազգային և տեղական դիտորդներ, որոնք հսկում էին գործընթացը։
ՀԿ-ի ընտրական հարցերի համակարգողն այս ուղղությամբ երկու կարևոր խնդիր առանձնացրեց.
«Առաջին խնդիրը, որ ունենք, թափանցիկությունն է։ Վրաստանի ավելի քան 3000 տեղամասերում գրեթե անհնար կլինի մոբիլիզացնել դիտորդներին այն աստիճանի, ինչը հնարավոր կլիներ ընտրությունների օրը: Բնական է, որ միջազգային դիտորդները 7 օր առաջ չեն կարողանա Վրաստան գալ միայն այս մեկ ընթացակարգը հսկելու համար։ Ըստ այդմ՝ այս գործընթացի դիտարկումն առավել կդժվարանա, ինչը վտանգի տակ է դնում ընտրությունների թափանցիկությունը»,- ասաց Գիգի Չիխլաձեն` հավելելով.
«Երկրորդ էական հարցի առումով նրանք չկարողացան ապացուցել, թե ինչու էր անհրաժեշտ նման փոփոխություն կատարել։ Անցյալ տարի տեղի ունեցավ երկու լրացուցիչ ընտրություն, որոնց ընթացքում փորձարկվեցին էլեկտրոնային տեխնոլոգիաները, և լրացուցիչ ընտրություններից ոչ մեկից հետո խնդիր չառաջացավ, որի պատճառը լիներ ընտրությունների օրը վիճակահանության անցկացումը։
Հուլիսին դրա մասին չի խոսվել, իսկ թե ինչպես են որոշել մեկ ամսում կատարել այս փոփոխությունը` հայտնի չէ, քանի որ այս ընթացքում միջանկյալ ընտրություններ չեն եղել, ինչից ելնելով հայտարարեին, որ այս կարգը պետք է փոխել»։
Եզրափակելով` Գիգի Չիխլաձեն ասաց, որ նշված փաստարկների հիման վրա կարելի է հետևություն անել, որ այդ որոշումը հիմնավորված չէ և վտանգում է ընտրությունների թափանցիկությունը։