Սեպտեմբերի 8-ին «Վրացական երազանք»-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ախալցխայում հավաքված քաղաքացիների առջև ելույթ են ունեցել իշխող կուսակցության առաջնորդները։
Ընտրողներին դիմել է իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ կրկին անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում նա խոստացել բարձրացնել հիշյալ քաղաքական կուսակցությունը հակասահմանադրական ճանաչելու հարցը։
«Խոստանում եմ ձեզ, որ ձեր աջակցությունից հետո «Վրացական երազանքը»՝ Վրաստանի խաղաղության, բարգավաճման և արժանապատիվ եվրոպական ապագայի միակ երաշխավորը, մեկընդմիշտ ոչ միայն քաղաքականապես՝ վերջ կտա «արմատական ընդդիմությանը»։ Օրակարգում է լինելու նաև «Միացյալ ազգային շարժումը» հակասահմանադրական ճանաչելու հարցը»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ ընտրություններում հաղթելու դեպքում Վրաստանում ժողովրդին կեղծ-ազատական արժեքներ պարտադրելու օտար երկրների բռնի փորձերը ընդմիշտ կավարտվեն։
Բիձինա Իվանիշվիլիի ելույթի թեմաներից մեկը վերաբերում էր ուղղափառությանը, որը նրա նախընտրական խոստման մաս է կազմում։ Բացի այդ, նա մատնանշել է, որ երկրի միավորման համար անհրաժեշտ է «Վրացական երազանքի» սահմանադրական մեծամասնությունը։
«Սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում ես և իմ թիմը պատրաստակամություն կունենանք ճիշտ ժամանակին և ճիշտ պահին երկիրը տեղափոխել այնպիսի սահմանադրական կարգավիճակի, որը թույլ կտա իրականացնել մեր վաղեմի երազանքը՝ տեսնել Վրաստանը կրկին համախմբված և ուժեղ:
Բացի այդ, հաղթանակից անմիջապես հետո մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու ուղղափառ եկեղեցու անկախության, նրա ամրապնդման ու պաշտպանության համար»,- ասել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլին Ախալցխայում նույնպես աջակիցներին դիմել է ապակե պատնեշից:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 4-ին «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնում կայացած ճեպազրույցում խոսել է Բիձինա Իվանիշվիլիի անվտանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների մասին։ Նա բացատրել է, թե ինչու է Իվանիշվիլին կուսակցական միջոցառումների ժամանակ դիմում աջակիցներին ապակե պատնեշից։
Ըստ Կոբախիձեի՝ իրենց քաղաքական թիմը հատուկ միջոցներ է ձեռնարկում կուսակցության պատվավոր նախագահի անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նրա, Իվանիշվիլին Վրաստանի խաղաղության հիմնական երաշխիքն է, այդ պատճառով Իվանիշվիլիի անվտանգությունն ապահովված է նախընտրական հանրահավաքներում ապակե պատնեշով: