ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը արձագանքում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի` վրաստանյան ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելելու մասին հայտարարությանը:
Օ’Բրայենն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է՝ Կոբախիձեի հայտարարությունը ժողովրդավարական չէ։
«Դա չի հնչում որպես ժողովրդավարություն: Մի կուսակցություն իրավունք չունի որոշել, թե մյուս կողմն իրավունք ունի՞ մրցելու (իր հետ-հեղ.)։ Քաղաքացիներն են որոշում, թե որ կուսակցությունները խորհրդարանում մանդատներ կստանան նախապես պարզ արդար կանոններով։ Այնպես որ, այո, ես կարծում եմ, որ դա շատ բացահայտող մեկնաբանություն էր, ցույց է տալիս, որ սա այն իշխանությունը չէ, որը կարող է Վրաստանը տանել դեպի Եվրոպա»,- ասել է Օ’Բրայենը:
Ի դեպ, Կոբախիձեի խոսքով՝ քաղաքական կուսակցությունների արգելումը «ժողովրդավարական գործընթաց է»: Նշենք նաև, որ «Վրացական երազանք»-ը նախընտրական խոստում է տվել, որ սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում կարգելի գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, որոնք, ըստ վերջին հարցումների, հնարավորություն ունեն անցնելու հաջորդ խորհրդարան։
«Վրացական երազանք»-ը չի բացառում ընդդիմության մանդատների չեղարկումը