Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետի Շուքրութի գյուղի բնակիչները, որ արդեն 180 օր շարունակ բողոքի ակցիա են անցկացնում Կորոխնալի հանքավայրի մոտ, սեպտեմբերի 11-ի ժամը 19:00-ին, կհավաքվեն Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ:
Նշենք, որ արդեն իններորդ օրն է՝ բողոքի ակցիայի հինգ մասնակիցներ դիմել են բողոքի ծայրահեղ ձևի. կարել են բերանները: Բնակիչների խոսքով՝ եթե կառավարությունից կամ հանքում աշխատանքներ իրականացնող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից արձագանք չլինի, ավելի շատ մարդիկ կդիմեն բողոքի այս ձևին։
Բնակիչները «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից պահանջում են իրենց 2021 թվականին խոստացած պայմանների կատարում: Խոսքը ընկերության գործունեության արդյունքում գյուղին հասցրած վնասի փոխհատուցման մասին է։
2021 թվականին շուքրութցիները դիմել էին բողոքի ծայրահեղ միջոցների՝ «Ջորջիան Մանգանեզ»-ից պահանջելով փոխհատուցել շուքրութցիների կորուստները։ 2021 թվականի հունիսի 10-ին ընկերությունը պնդում էր, որ իրենց և բնակիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այնուհետ «Ջորջիան Մանգանեզ»-ը հայտարարել էր, որ պաշտոնապես դիմել է Սամխարաուլիի փորձագիտական բյուրոյին՝ վնասը գնահատելու համար։ Ցուցարարներին խոստացել էին, որ Սամխարաուլիի ազգային բյուրոն կգնահատի նրանց կորուստները։ Բացի այդ, նշվել էր, որ բյուրոն կգնահատի անկախ աուդիտորի պատրաստած հաշվետվության ճշտությունը և գույքի շուկայական արժեքը:
Շուքրութիի բնակիչներն ասում են, որ խոստումները չեն կատարվել. 2024 թվականի մարտի 14-ին տեղի բնակիչները կրկին գործադուլ են հայտարարել։ Նրանց խոսքով՝ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը լիովին անտեսել է երեք տարի առաջ իրենց հետ կնքված պայմանագիրը։ Բնակիչները նշում են, որ ընկերությունը չի փոխհատուցել վնասները, պատասխան չեն ստացել անգամ Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոյից։
Հուլիսի 31-ին դատախազությունը քրեական հետապնդում է սկսել բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների՝ Գիորգի Նեփարիձեի, Ռոման Մեգրելիշվիլիի և Մալխազ Լաբաձեի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են խմբակային ցույց կազմակերպելու միջոցով ձեռնարկության աշխատանքը խափանելու մեջ։
Սաչխերեի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ 1000-ական լարի: «Ջորջիան Մանգանեզ»-ը բողոքի ցույցի մասնակիցներից պահանջում է վնասի փոխհատուցում 5 մլն 500 հազար լարիի չափով։