«Չունեմ քաղաքացիություն, չունեմ ապագաս ընտրելու հնարավորություն», — ասաց Նինոծմինդայի բնակիչներից Արես Հովսեփյանը՝ պատմելով Վրաստանի քաղաքացիությունից զրկված լինելու մասին։
Արես Հովսեփյանն այն անձանցից է, որ սեզոնային միգրացիայի պատճառով կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը ու չի կարողանա մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես չի մասնակցել սրան նախորդող ընտրություններին։ Մեր բոլոր զրուցակիցները խոսեցին քաղաքացիությունը կորցնելու և վերականգնել չկարողանալու մասին։
Քաղաքացիության մասին գործող օրենքով` Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար պետք է հանձնել վրաց լեզվի քննություն (վերականգնման դեպքում է միայն մեկ քննություն՝ լեզվից), որը հաջող հանձնելու դեպքում միայն կարող են դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալություն՝ քաղաքացիությունը վերականգնելու հայտով: Իսկ այդ քննությունն ազգային փոքրամասնությունների համար պատնեշ է համարվում, քանի որ ունեն պետական լեզվի չիմացության խնդիր։
Մեր զրուցակիցներից Արես Հովսեփյանը 2012 թվականին կորցրել է իր քաղաքացիությունը և տարիների ընթացքում 3 անգամ դիմել է համապատասխան մարմիններին՝ քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով, սակայն 3 անգամն էլ մերժվել է, իսկ ներկայումս քննությանը չի կարող մասնակցել, քանի որ չի տիրապետում պետական լեզվին։
Հովսեփյանի խոսքով, քաղաքացիություն չունենալը շատ խնդիրների պատճառ է դառնում, այդ թվում՝ օրինակ, չի կարողանում ընտրություններին մասնակցել, օգտվել բոլոր սոցիալական ծառայություններից կամ գոնե առողջապահական ծառայություններից։ Այն հարցին, թե ինչ է մտածում ընտրություններին մասնակցել չկարողանալու մասին, Հովսեփյանն ասաց.
«Սա շատ անարդար է, քանի որ մենք էլ ենք Վրաստանում ապրող մարդիկ և հնարավորություն չունենք մեր ներդրումն ունենալու ու ընտրություն կատարելու, և իմ կարծիքով` սա այդքան էլ չի անհանգստացնում Վրաստանի կառավարությանը, քանի որ ոչ մի քայլ չի ձեռնարկվում այս շատ կարևոր ու առաջնային խնդիրը լուծելու համար»։
Մեր զրուցակից Հարություն Ղուկասյանը ևս, քաղաքացիությունը կորցնելուց հետո, բախվում է տարբեր մարտահրավերների։ Նա իր քաղաքացիությունը կորցրել է 2004-2005 թվականներին, երբ ցանկացել է Հայաստանում դառնալ անշարժ գույքի սեփականատեր։ Այժմ Վրաստանում նա չի կարողանում իր անվամբ գրանցել ո՛չ մեքենա, ո՛չ էլ այն տունը, որտեղ ծնվել ու մեծացել է։ Ղուկասյանը հայրենի գյուղում բնակվում է ժամանակավոր կացության կարգավիճակով, որի հետևանքով պետք է տարեկան մեկ անգամ հատի սահմանը, իսկ չհատելու դեպքում պետք է վճարի օրենքով սահմանված տույժը՝ 360 լարիի չափով։
Ղուկասյանը նույնպես բարձրաձայնեց այն խնդիրը, որ, ողջ կյանքը Վրաստանում ապրելով, ինքը չի կարողանում մասնակցել ընտրություններին ու ընտրել իր ապագան, ինչը շատ ցավալի է ու անարդար։ Հարցազրույցի վերջում նա ավելացրեց նաև, որ այդ խնդիրը կառավարությանը չի անհանգստացնում, հակառակ դեպքում` գոնե մի քիչ կհեշտացնեին քաղաքացիությունը վերականգնելու կարգը։
Գալիք ընտրություններին, ինչպես նաև սրան նախորդող ընտրություններին այս մարդիկ հնարավորություն չեն ունեցել ու չեն ունենալու մասնակցել ընտրություններին։ Իսկ թե ինչ խնդիրներ է դա առաջացնում, իրավաբան Անդրանիկ Մինասյանն ասաց.
«Խնդիրն այն է, որ անկախ այն հանգամանքից, որ բնակիչն ի ծնե ապրել ու ապրում է Վրաստանում, արտագնա աշխատանքի գնալու պատճառով զրկվել է քաղաքացիությունից, ինչի հետևանքով դուրս է մնում Վրաստանի քաղաքական կյանքից, այսինքն` ո՛չ իրավունք ունի ընտրվելու, ո՛չ՝ ընտրելու։ Նաև կան սոցիալական փաթեթներ, որոնցից կարող են օգտվել միայն քաղաքացիություն ունեցող անձինք»։
Անդրանիկ Մինասյանը նաև խոսեց արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու մասին։ Նրա խոսքով, կան քաղաքներ, որտեղ հնարավոր է մասնակցել ընտրություններին, օրինակ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։
Մինասյանը հասարակությանը կոչ արեց անպայման մասնակցել hոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին և կատարել իրենց քաղաքացիական պարտքը։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան