Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Վրաստանի և Ադրբեջանի դեմ գործը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Վրաստանը Մուխթարլիին որպես փոխհատուցում պետք է վճարի 12 հազար 500 եվրո, իսկ Ադրբեջանը՝ 8500 եվրո:
Դատարանը վճռել է, որ Վրաստանը հետաքննության մասով խախտել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելքը) և 5-րդ հոդվածը (ազատության և անձնական կյանքի իրավունք), թեև «էական խախտումներ նշված հոդվածներում չեն արձանագրվել»։
Դատարանը նաև արձանագրել է Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անվտանգության իրավունք) և 8-րդ հոդվածի խախտում (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):
Հիշեցնենք. ադրբեջանական իշխանություններին քննադատող լրագրող Աֆգան Մուխթարլին Թբիլիսիից 2017 թվականի մայիսի 29-ին անհետացել էր, իսկ մայիսի 30-ին հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է Ադրբեջանում՝ սահմանի ապօրինի հատման և արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով։
Ադրբեջանի դատարանը նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ 2020 թվականի մարտին Աֆգան Մուխթարլիին անսպասելիորեն ազատ են արձակել Ադրբեջանի իշխանությունները, և նա հատուկ ինքնաթիռով մեկնել է Գերմանիա, որտեղ 2019 թվականից ապրում են նրա կինը՝ Լեյլա Մուստափաևան և նրանց որդին։ Գերմանիան քաղաքական ապաստան է տրամադրել Մուխթարլիի ընտանիքին։
Մուխթարլիի կարծիքով` Վրաստանից իր առևանգումը և Ադրբեջան տեղափոխումը տեղի է ունեցել «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի թելադրանքով։