Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված` ռազմական գործողությունները ապրիլի 5-ի կեսօրին դադարեցվել են: Կողմերը համաձայնել են սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնել, քանի որ հակամարտության շուրջ բանակցային գործընթաց է ընթանում:
Տեղեկությունը հաստատել է ԼՂ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը և վերջին իրադարձությունները:
Ավելի վաղ` Հայաստանի ՊՆ-ը պաշտոնական տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանը մեծացրել է կիրառվող զինատեսակների տրամաչափերը` մասնավորապես ապրիլի 4-լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավում կիրառելով “Սմերչ” համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Հայկական կողմի տեղեկատվությամբ` այն չի գործել և ոչ մի վնաս չի հասցրել:
Հակամարտող երկրների պաշտպանական և պետական այլ գերատեսչությունների` իրարամերժ հայտարարությունները շարունակվեցին մի քանի օր, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում էր, թե նախահարձակ է եղել հայկական կողմը: Ադրբեջանը նաև սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին:
Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ալիքի» հետ զրույցում ասել է, որ Արցախը կանգուն է և հարկ եղած դեպքում պետք է դիմակայի.
«Պատերզամի սրընթաց ծրագիրը նրանց մոտ ձախողվել է` լիակատար ձևով, ադրբեջանական կողմը ունի բազմաթիվ կորուստներ` մոտավորապես 300-400 զինծառայող, մոտ 20 տանկ, ունի նաև 6-7 անօդաչու սարքի կորուստ, բայց հակառակորդը չի դադարում այս ագրեսիվ գործողությունները, չնայած հայտարարում է, որ դադարեցնում է, սակայն մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին»:
Դավիթ Բաբայանն ասում է նաև` հիմք ունեն կասկածելու, որ ադրբեջանական կողմից առաջին գիծ են դուրս բերվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ:
«Մարտի ժամանակ մեր զինվորականնները լսել և տեսել են արաբերեն խոսացողների, հետո խոշտանգվել էր նաև հայկական մեկ ընտանիք` մեկ ծեր մարդ և երկու ծեր կին, կտրել էին նրանց ականջները: Այսպիսի վայրագություն են արել և հիմա էլ շարունակում են Ադրբեջանի բանակում ծառայել: Ադրբեջանը առաջին պատերազմի ժամանակ ևս վարձկաններ էր բերել և Թուրքիայից, և Աղվանստանից, և Չեչնիայից»:
Ի դեպ, նշենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ֆոնին, լարվածության աճ էր արձանագրվել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Հայաստանի Պաշտանության նախարարության հայտարարության համաձայն` ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր:
Երկու երկրների Պաշտպանության նախարարություններն էլ հայտարարում են , որ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարել: