Թբիլիսիի Դիղոմի թաղամասում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և առողջապահության նախարար Դավիդ Սերգեյենոյի մասնակցությամբ Գագուա կլինիկայի ևս մեկ մասնաշենք է բացվել՝ նորածինների և ծննդկանների համար: 10 հազար քմ ընդհանուր տարածքով բուժհաստատությունը 100 մահճակալ ունի, հագեցած է ժամանակակից, էներգաարդյունավետ սարքավորումներով: Վարչապետի խոսքերով՝ կլինիկայի ռազմավարությունն է՝ սպասարկել սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչներին: Կլինիկան հարմարեցված է նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:
Մինչ այս Գուգուա կլինիկան տարեկան 4 հազար ծննդկանի ընդունելու հնարավորություն ուներ, նոր մասնաշենքի շահագործումից հետո այս թիվը նկատելիորեն կավելանա: Նոր կլինիկայում աշխատելու է մոտ 300 մարդ, որոնցից 30-ը գիտությունների դոկտոր են: Առողջապահական նոր կենտրոնը նաև ուսումնական հաստատության դեր կունենա: Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողները պրակտիկա անցնելու հնարավորություն կստանան:
Նոր բուժհիմնարկի շինարարությունն իրականություն է դարձել լուրջ ներդրումների արդյունքում՝ համաշխարհային առողջապահական ծրագրի շրջանակներում: Ծրագիրը վերջին երեք տարում 50 նոր կլինիկա հիմնելու հնարավորություն է տվել: