Երեց Գիորգի Մամալաձեն, ով Վրաստանի գլխավոր դատախազության կողմից մեղադրվում է պատրիարքարանի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի թունավորման փորձի մեջ, պահանջում է, որ իր գործով դատական լսումները բաց լինեն:
Նախօրեին էլ հոգևորականը հացադուլ էր հայտարարել՝ հանդիպում պահանջելով պատրիարքի և սինոդի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ՝ մարտի 29-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Մամալաձեին նախնական կալանքի տակ թողնելու դատախազության միջնորդությունը: Պաշտպանող կողմն առաջարկում էր հոգևորականին ազատ արձակել՝ 20 հազար լարի գրավի դիմաց: Դատարանը բավարարեց նաև դատախազության մեկ այլ միջնորդություն՝ երեցի գործով նախնական լսումները ապրիլի 5-ից հետաձգելով մայիսի 5:
Հիշեցնենք՝ Մամալաձեն կալանքի տակ է ընթացիկ տարվա փետրվարի 10-ից: Նա ձերբակալվել էր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, Բեռլին ուղևորվելու պահին, ուր այն ժամանակ բուժում էր ստանում համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը: Դատախազությունը պնդում է, որ հոգևորականի ուղեբեռում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն և վեց փամփուշտ: Մամալաձեն չի ընդունում մեղքը, և ըստ փաստաբանների՝ պատրաստ է սկանդալային գործով ցնցող ցուցմունքներ տալ: