Վրաստանում մանկապղծության, սեռական բռնության և անչափահասների նկատմամբ այլասերված գործողությունների 8 դեպք է բացահատվել, հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Ըստ հետաքննության՝ կասկածյալ 32-ամյա Ռ.Ք.-ն կանխամտածված ստեղծել է Facebook-ի և Instagram-ի կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով համակարգված կապ է հաստատել Վրաստանի տարբեր քաղաքներում բնակվող 10-18 տարեկան տասնյակ աղջիկների հետ, ուղարկել է նրանց 15-ամյա տղայի լուսանկարներ և ներկայացել որպես աղջիկների հասակակից, շահել է նրանց վստահությունը և ստիպել է ուղարկել իրենց ինտիմ լուսանկարներ ու տեսանյութեր, ընդդիմանալու դեպքում` սպառնացել է սպանել նրանց ընտանիքների անդամներին:
Մեղադրյալը նաև շանտաժի է ենթարկել աղջիկներին՝ ասելով, թե նրանց ընկերներին ու հարազատներին կուղարկի աղջիկների մերկ լուսանկարները, որոնք ստեղծել է աղջիկների հրապարակային նկարները մոնտաժելու միջոցով:
Հաղորդագրության մեջ կարդում ենք, որ մեղադրյալը վախեցած երեխաներից ինտիմ լուսանկարներ և տեսանյութեր ձեռք բերելուց հետո, նույն լուսանկարները տարածելու սպառնալիքով անչափահասներին ստիպել է սեռական տարատեսակ ինտիմ լուսանկարներ ուղարկել իրեն:
ՀՔԾ-ն մեղադրյալին ձերբակալել է 2024 թվականի հունիսի 16-ին Սամեգրելոյում։ Մինչ ձերբակալությունը, խուզարկության ժամանակ Ռ.Ք.-ն վնասել է սեփական բջջային հեռախոսը, բայց հաղորդագրության մեջ նշված է, որ իրականացված համակարգչային փորձաքննության միջոցով հայտնաբերվել են մանկապղծության համար մեղադրվողի սոցցանցերի կեղծ էջերը` ինտիմ բովանդակությամբ նկարներով, սպառնալիքներով և այլն:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 139-րդ հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» ենթակետով և 141-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով: Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
Հաղորդագրության մեջ նշված է, որ հետաքննությամբ հայտնաբերված անչափահասների տասնյակ ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը կոչնչացվեն օրենքով սահմանված կարգով։