Վրաստանում «Համաներման մասին օրենք»-ը կտարածվի նաև սառը զենք կրելու համար դատապարտված անձանց վրա, և նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից, թեև՝ դա բոլորին չի վերաբերի։ Օրինագծում նոր հավելումը սահմանում է բացառիկ դեպքեր:
Եթե անձի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք սառը զենք կրելու համար կամ կիրառվել է պաշտպանական կամ խափանման միջոց, ապա նրա նկատմամբ համաներում չի կիրառվի։ Այս բացառիկ կանոնը չի տարածվում սառը զենք կրելու համար դատապարտված այն անձանց վրա, որոնք վարչական տույժի են ենթարկվել թմրամիջոց օգտագործելու համար։ Նրանք կարող են օգտվել համաներման իրավունքից։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը «Համաներման մասին օրենք»-ին ավելացրել է Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում սառը զենք կրելու համար։ Սույն հոդվածով դատապարտվածները պատժվում են տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Իրավաբանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը, ինչը նշանակում է, որ այն այժմ կքննարկվի խորհրդարանում և կքվեարկվի երկրորդ ընթերցմամբ։
Հիշեցնենք. հուլիսի 19-ին խորհրդարանի արտահերթ նիստում 82 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է«Համաներման մասին օրենք»-ի նախագիծը։ «Վրացական երազանք» խմբակցության օրինագիծն ընդդիմությունից պաշտպանել են «Գիրչի»-ն և «Եվրոպական սոցիալիստներ»-ը։