Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տկղեշելաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում նշել է այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց թիվը, որոնք սեպտեմբերի 2-ին մինչև ժամը 18:00-ն դիմել են Արդարադատության տուն՝ գրանցվելու համար «գործակալների ռեեստրում»։
Տկղեշելաշվիլիի խոսքով՝ գրանցման ցանկություն է հայտնել 469 կազմակերպություն։
Վրաստանում գրանցված ՀԿ-ների գերակշիռ մասը չի գրանցվել և չի էլ պատրաստվում գրանցվել «գործակալների ռեեստրում»։ Այս պահի դրությամբ 30 հազար ՀԿ-ից 469-ն են նման ցանկություն հայտնել, որը ևս պայմանավորված է մի շարք գործոններով։
Վրաստանում բնապահպանական հարցերով զբաղվող «Էկո կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ կգրանցվեն «գործակալների ռեեստրում», քանի որ գրանցումից հրաժարվելու դեպքում սպասվող տուգանքը հետագայում «կսահմանափակի իրենց գործունեությունը»։
«Ընտրություններից առաջ մենք շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի ավելի շատ քաղաքացիների հետ խոսենք շրջակա միջավայրի պաշտպանության կարևորության և ուժեղ քաղաքացիական սեկտորի մասին։ Մենք նաև անպայման կկատարենք մեր խոստումը և մինչև հոկտեմբերի 20-ը կիրականացնենք բոլոր բնապահպանական միջոցառումները», — տեղեկացրել են ՀԿ-ից։
«Մեդիայի զարգացման հիմնադրամ» (MDF) հասարակական կազմակերպությունից ևս հայտնել են, որ ռեեստրում գրանցվել չեն պատրաստվում, բայց տուգանքը ստիպված են լինելու վճարել․ «Մենք առավելագույնս թափանցիկ ենք, և մեր նպատակը պետությանը հաշվետու դարձնելն է այն մարդկանց առջև, ովքեր վճարում են այս տուգանքը», — ասում է ՀԿ-ի ղեկավար Թամար Կինծուրիշվիլին։
Հատկանշական է, որ կան նաև բազում ՀԿ-ներ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն, բայց չեն էլ պատրասվում գրանցվել այս ռեեստրում, իսկ շատերը որոշեցին դադարեցնել գործունեությունը։
Օգոստոսի 30-ին արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տկղեշելաշվիլին Սահմանադրական դատարանում կայացած դատական գործընթացի ժամանակ ասել է, որ գրանցամատյանում գրանցման համար դիմում է ներկայացրել 233 կազմակերպություն, և նույն երեկոյան կազմակերպությունների թիվը հասավ 322-ի։
Տկղեշելաշվիլին ասել է, որ Վրաստանում գրանցված է մոտ 30 հազար ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձ, որոնցից մոտ 1200-ը պետության կողմից են հիմնադրվել, ինչը նշանակում է, որ նրանցից չի պահանջվում գրանցվել։
Վրաստանում գործող հասարակական և լրատվական կազմակերպությունները հայտարարել են, որ իրենք չեն գրանցվի «զրպարտության ռեգիստրում» անգամ օրինագծի քննարկման ժամանակ։ Սահմանադրական դատարանում քննվող չորս հայցերից մեկի հեղինակ են 122 հասարակական և լրատվամիջոցներ։
Եթե մոնիթորինգի արդյունքում պարզվի, որ կազմակերպությունը համապատասխանում է օրենքի «չափանիշներին», բայց խուսափել է գրանցվել որպես «օտար տերության շահերի կրող կազմակերպություն», ապա գործակալությունը վերջինիս կգրանցի ռեեստրում՝ հակառակ կազմակերպության կամքի։ Հայտնաբերված և չգրանցված ՀԿ-ն կտուգանվի 25 հազար լարիի չափով։