Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կուսակցությունների մասին տեղեկացվածության մակարդակը ցածր է։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչների հետ։
«Մեզ մոտ բնակիչները հիմնականում գիտեն մի քանի կուսակցության անուն, դա էլ այն պատճառով, որ նշված կուսակցությունները եղել են իշխող։ Մարդիկ մինչ այսօր գնում են ընտրության` չիմանալով, թե ովքեր են ղեկավարները»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի բնակիչը։
«Խնդիրն անտեղյակությունն է. ընտրողը չգիտի, թե իր ձայնն ում և ինչի համար տա, որովհետև ծանոթ չէ թեկնածուներին»,- նշում են բնակիչները։
Որոշ կուսակցությունների մասին ընտրողները տեղեկանում են ընտրություններից մի քանի օր առաջ, այդ դեպքում էլ` շատ քիչ, որովհետև կուսակցությունները մեծ ակտիվություն չեն ցուցաբերում էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքներում, որպեսզի տեղացիները նրանց ճանաչեն, իմանան նրանց գործունեության, պլանների և հետագա քայլերի մասին։
Ընտրությունների և կուսակցությունների հետ կապված հիմնական տեղեկությունները մարդիկ ստանում են համացանցի միջոցով, որտեղ գլխավորապես վրաց լեզվով են տեղեկությունները, և բազմաթիվ մարդկանց այդ ամենը հասանելի չէ, քանի որ պետական լեզվին չեն տիրապետում։
«Այս ընտրությունները շատ կարևոր են, որովհետև շատ կարևոր հարց է տրվում՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։ Շատ կարևոր է, որ բոլորս տեղեկացված լինենք կուսակցությունների և նրանց մարտավարության մասին, քանի որ այս ընտրություններին ընտրելու ենք մեր և մեր երկրի ապագան»,- ասաց Ախալքալքի գյուղերից մեկի բնակիչը։
Բնակչի կարծիքով` մարդկանց համար այս հարցում նույնպես շատ կարևոր է վստահությունը, և նախքան ընտրություն կատարելը պետք է տեսնեն և լսեն, այնուհետև որոշում կայացնեն, քանի որ քաղաքացիները հիմնականում վստահում են այն մարդուն ում ճանաչում են և գոնե նվազագույն չափով տեղեկություն ունեն նրա մասին։
Զրույցի ընթացքում Ախալքալաքի բնակիչը նշեց, որ շատ ցանկալի է, նույնիսկ` պարտադիր, որ բոլոր կուսակցությունները տեղեկություն տրամադրեն հայերեն, և իրենք կարողանան հեշտությամբ տեղեկանալ. դա կարող է լինել տեսանյութի, տեքստային կամ պոստերային տարբերակով։
«Երիտասարդներս արդեն բավականին տիրապետում ենք լեզվին և կարող ենք վրացական աղբյուրներից օգտվել, կան նաև հայկական որոշ աղբյուրներ, որոնց հետևում ենք, բայց մեծահասակների համար այս ամենը բարդ է։
Ցանկությունը մեծ է բոլոր կուսակցություններին տեսնելու և լսելու, թե ինչ պլաններ ունեն երկրի ապագայի հետ կապված»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հայտնի է, որ փոխվել է ընտրություններում գրանցման և ձայների հաշվարկման համակարգը. ընտրողների գրեթե 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Տեխնոլոգիայի կիրառմամբ ընտրությունների արդյունքների շահարկման, կեղծման վտանգ չկա, և քվեարկությունը լինելու է գաղտնի: Գաղտնիությունը կարող է խախտվել միայն այն դեպքում, եթե ընտրողը հայտարարի իր ընտրության մասին։ Հետևաբար, միակ կարևոր նախապայմանները քաղաքացիների պատասխանատվությունն ու բարձր ակտիվությունն են: