Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրացավ «գործակալների ռեեստր»-ում ինքնակամ գրանցման վերջնաժամկետը:
Ըստ օգոստոսի 30-ի տվյալների, վրաստանյան հասարակական կազմակերպությունների առնվազն 1 տոկոսն է դիմել հանրային ռեեստր՝ որպես «օտար պետության շահերի կրող» գրանցվելու համար։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տկղեշելաշվիլին Սահմանադրական դատարանում վերոնշյալ խնդրի դատավարության ժամանակ ասել է, որ ռեսստրում գրանցման համար դիմում է ներկայացրել 233 կազմակերպություն. նույն երեկոյան կազմակերպությունների թիվը հասել էր 322-ի։
Տկղեշելաշվիլին ասել էր, որ Վրաստանում գրանցված է մոտ 30 հազար հասարակական կազմակերպություն, որոնցից մոտ 1200-ը պետական են, ինչը նշանակում է, որ նրանցից չի պահանջվում գրանցվել ռեսստրում։
Օգոստոսի 31-ին Արդարադատության տունը հայտարարել էր, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, ամբողջ երկրում կաշխատեն գերատեսչության 30 մասնաճյուղեր, և այդ օրերին ևս հնարավոր կլինի գրանցվել «գործակալների ռեեստր»-ում:
Հիշեցնենք. օգոստոսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած «ռուսական օրենքը» («գործակալների օրենք»)։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա աղբյուրներից իր ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ունեցող ցանկացած հասարակական կազմակերպություն և լրատվամիջոց հայտարարվում են օտարերկրյա պետության շահերի կրող կազմակերպություն, այսինքն` «գործակալ»: