Հաջողության պատմություն․ հայկական դպրոցի բոլոր դիմորդներն ընդունվել են

Թբիլիսիի միակ լիովին հայալեզու 104-րդ հանրային դպրոցը կրկին տոնում է շրջանավարտ սաների աննախադեպ հաջողությունը։

Հեղինակավոր բուհ ընդունվելը նշանակալի իրադարձություն է, եթե հատկապես ավարտական դասարանի բոլոր դիմորդներն են ընդունվում, ընդ որում, մեծ մասը՝ լիարժեք դրամաշնորհով:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է ուսանողներից մի քանիսի հետ, քննարկել նրանց ուսանողական շրջանի նախապատրաստման ընթացքը, նպատակները, որոնց հասնելու համար պատրաստվում են աշխատել առաջիկա տարիներին:

Էրիկ Տերտերյանը 104-ի այն դիմորդներից է, որ ընդունվել է ուղիղ մրցույթով․ հանձնել է 3 քննություն, ինչի արդյունքում կսովորի Վրաստանի Սև Ծովի համալսարանում՝ երկրի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկում։ Վրացերեն հանձնելով 3 քննություն` Էրիկն ուսումը շարունակելու է անգլերեն։

«Հանձնել եմ 3 քննություն, քանի որ այդ պահին (քննություն հանձնելիս) եղել եմ Հայաստանի քաղաքացի, իրավունք չունեի մասնակցելու «1+4» ծրագրին («1+4»-ի շրջանակներում դիմորդը մեկ քննությամբ ընդունվելու հնարավորություն ունի — հեղ․)։ Բնականաբար, շատ մեծ էր ընդունվելու, Վրաստանում սովորելու ցանկությունս», — զրույցի ընթացքում ասաց նա։
Էրիկը Վրաստանում է 4-րդ դասարանից, վրաց լեզվի քննության համար պատրաստվել է մի քանի ամիս։ Սեպտեմբերից նա կշարունակի ուսումը «Համակարգչային գիտություններ» մասնագիտության ուղղությամբ։ Ասում է՝ ծրագրավորող դառնալու միտքն այլևս հեռավոր երազանք չէ, այլ նպատակակետ։

Նման հաջողությունն առանց աշխատասիրության չէր լինի, ասաց Էրիկի դասղեկ Իզաբելա Աբրահամյանը: Նա շեշտեց, որ 104-րդ դպրոցի 2024-ի դիմորդներն աննախադեպ հաջողություն են գրանցել։

«Բոլոր 9 դիմորդներից 9-ն էլ հաջողությամբ ընդունվել են։ 18 հոգանոց դասարանում կա 3 ոսկե, մեկ արծաթե մեդալակիր, 9 դիմորդներն էլ ընդունվել են բուհ։ Ամբողջ դասարանն աշխատասեր ու ջանասեր է, նպատակասլաց ու հաստատակամ»,- «Ալիք Մեդիա»-ին պատմեց դասղեկը:

Եվս մեկ սան` Անգելինա Բրուտյանը, որ քննություն է հանձնել «1+4» ծրագրի սահմաններում և հավաքել 65 բալ, ընդունվել է Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան՝ 100 տոկոս ֆինանսավորմամբ։
Անգելինան նշեց՝ թեև նման արդյունք ակնկալում էր, այդուհանդերձ` իր երջանկությանը սահման չկա.
«Պատրաստվելու ընթացքում դժվարություններն այդքան էլ շատ չեն, ամենակարևորը տրամադրվելն է, որ ամեն ինչ կստացվի։ Թեստում չկային անծանոթ հարցեր․ պատրաստվելու ընթացքում նույնատիպ շատ հարցեր քննարկվել էին»։

Հաջորդ հերոսն Ալյոնա Թորոսյանն է, նա հանձնել է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննությունն էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրի շրջանակներում, հավաքել է 64 միավոր առավելագույն 80-ից և ստացել 100 տոկոս ֆինանսավորում:

Զրուցեցինք նախապատրաստական մտահոգությունների մասին, Ալյոնան անդրադարձավ տագնապներին ու վախերին, որոնք առկա էին պարապմունքներից առաջ, բայց նաև նշեց, որ ամիսների աշխատանքը գոհացնող արդյունք տվեց։

«1+4» ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի լավ նախապատրաստվելու հետագա ուսանողական կյանքին ու կողմնորոշվելու, թե որ ոլորտն ես ցանկանում ուսումնասիրել և բացահայտել, ինչը մեր զրուցակիցը նույնպես ընդգծեց․

«Չեմ կարող հստակ պատասխանել, թե որ ոլորտում եմ ինձ պատկերացնում։ Մտքերս այնքան խառն են: Ուզում եմ միանգամից ամեն ինչ, որը, թերևս, անհնար է: Կարծում եմ՝ առաջիկա մեկ տարին հնարավորություն կտա հստակ որոշում կայացնելու, առանց վարանելու դեպի նպատակակետ շարժվելու: Անկախ դժվարությունից ու բարդությունից, եթե աշխատանքդ գնահատվում է, հասկանում ես, որ զուր չէին տանջանքներդ, այդժամ մեծ ոգևորությամբ ու նոր ուժերով քայլ ես անում դեպի ավելի մեծ հաջողություններ»։

Հաջողակ դիմորդները, սեփական փորձից ելնելով, դպրոցն ավարտող աշակերտներին խորհուրդ են տալիս չվախենալ դժվարություններից և երբեք չհանձնվել:

Հեղինակ՝
Մարիաննա Մանուկյան