Ցիանիդի գործով մեղադրվող հոգևորական Գիորգի Մամալաձեն հացադուլ է սկսել, այս մասին հաղորդել է քահանայի փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին:
Վերջինիս խոսքերով, Մամալաձեի միակ պահանջն ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի և Սինոդի անդամների հետ հանդիպումն է:
«Նշեմ, որ հետաքննությունը կողմնակալ է ընթանում: Շատ անտեղի գործողություններ են իրականացվում և, հետևաբար, նա ասելիք ունի և հանդիպում է պահանջում»,- հայտարարել է Միխեիլ Ռամիշվիլին և հավելել, որ հացադուլը վտանգ է ներկայացնում քահանայի առողջությանը:
Ըստ փաստաբանի՝ հոգևորականը բողոքի ծայրահեղ միջոցին դիմել է երեկվանից:
Հիշեցնենք`«Ցիանիդի գործով» քննությունը սկսվել է փետրվարի 2-ին, քաղաքացի Իրակլի Մամալաձեի դիմումի հիման վրա, ով հայտնել է, որ իր ծանոթ Հայր Գիորգին խնդրել է օգնել իրեն սեղմ ժամկետներում կալիումի ցիանիդ ձեռք բերելու գործում՝ խոստանալով դրամական փոխհատուցում: Գիորգի Մամալաձեն մեղադրվում է համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի սպանության նախապատրաստման, հրազենի ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ: