Սահմանադրական դատարանն այսօր՝ օգոստոսի 29-ի ժամը 11:00-ից կքննարկի «ռուսական օրենքի» դեմ հայցերը։ Օրինագծի դեմ հայց են ներկայացրել Վրաստանի նախագահը, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերը։
Վրաստանի Սահմանադրական դատարանի պլենումի (ողջ կազմը) քննարկման խնդիրները նշված են Սահմանադրական դատարանի հրապարակած հաղորդագրության մեջ․
«Ներկայացված սահմանադրական հայցերի համաձայն՝ վիճարկվում է Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը սահմանում է սուբյեկտի գրանցման կարգը՝ որպես օտարերկրյա ազդեցության շահերն իրականացնող կազմակերպություն և կարգավորում է թափանցիկության հետ կապված այլ հարցեր։
Ըստ հայցվորների փաստարկների՝ վիճահարույց օրենքը, հաշվի առնելով դրանում օգտագործվող տերմինաբանությունը և տարբեր ռեպրեսիվ մեխանիզմներ, հանգեցնում է քաղաքացիական կազմակերպությունների և լրատվամիջոցների խարանման, նրանց գործունեության խոչընդոտման, ի վերջո` այս ՀԿ-ների գործունեության դադարեցման»։
Հայցվորները նշել են, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի Սահմանադրության հիմնարար սկզբունքներին և խոչընդոտում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին՝ դրանով իսկ խախտելով Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը։
Հայցի հեղինակները պահանջում են Սահմանադրական դատարանից՝ կասեցնել օրինագծի կիրարկումը մինչև վերջնական որոշման կայացումը։
Բացի այդ, օմբուդսմենը նշված հայցերի վերաբերյալ իր կարծիքը կներկայացնի որպես դատարանի ընկեր և այսկերպ կամրագրի դիրքորոշումը։