Ամերիկայի Միացյալ Նահանգներին շարունակում են խորապես մտահոգել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աճող հակաժողովրդավարական քայլերն ու հռետորաբանությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտն այսպես է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության ռուսական հռետորաբանությանը և քարոզչությանը։
«Դրա մեկ այլ օրինակ են ընդդիմությանն օրենքից դուրս դնելու ծրագրերի վերաբերյալ արված հայտարարությունները: Բազմակողմ տեսակետները և բազմակուսակցական համակարգն էական նշանակություն ունեն ամուր ժողովրդավարության համար»,- Globalnews.ge լրատվամիջոցին ասել են Պետդեպից։
Պետդեպն ընդգծել է` ինչպես ամիսներ շարունակ Վաշինգտոնից ասել են` Վրաստանի կառավարության քայլերը հակասում են վրաց ժողովրդի ձգտումներին և վաղուց հայտարարված վրացական կառավարության նպատակին՝ եվրատլանտյան ինտեգրմանը, և անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնց հիմքում ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, դադարեցնել իր քննադատների դիվականացումն ու այլախոհության տարածքի սահմանափակումը և կրկին ընթանալ ժողովրդավարության ու եվրատլանտյան ինտեգրման ճանապարհով»։