Վրաստանի կառավարությունը 2024 թվականի 6 ամսվա ընթացքում արտահաստիքային աշխատողների աշխատավարձերի վրա ծախսել է 261 մլն լարի։ Այս տեղեկությունը հրապարակել է Bm.ge լրատվամիջոցը։
Ըստ հրապարակման` այս գումարը 25 մլն լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ, ինչն արտահաստիքային աշխատողների աշխատավարձերի ռեկորդ է։ Լրատվամիջոցի կանխատեսմամբ՝ եթե նման միտումը պահպանվի մինչև տարեվերջ, ապա արտահաստիքային աշխատողների աշխատավարձը կգերազանցի 520 մլն լարին։
Ըստ տեղեկության` բյուջեի կատարման հաշվետվության մեջ նշված չէ, թե քանի արտահաստիքային աշխատող կա նախարարությունների հանրային իրավունքի իրավաբանական անձանց կամ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց պատկանող գործակալություններում, սակայն կատարողականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ տարեցտարի ավելանում են արտահաստիքային աշխատողների աշխատավարձերը։
Bm.ge-ն գրել է, որ, արտահաստիքային աշխատողների հետ մեկտեղ, ավելացել է նաև հաստիքային աշխատողների աշխատավարձի ֆոնդը։ 2024 թվականի 6 ամսվա ընթացքում նրանց, ընդհանուր առմամբ, վճարվել է 1,26 մլրդ աշխատավարձ, ինչը 200 մլն լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Բյուջեի պլանի համաձայն՝ այս տարի նախարարություններում և պետական ձեռնարկություններում աշխատող 113 հազար մարդ կստանա, ընդհանուր առմամբ, 2,6 մլրդ լարի աշխատավարձ։ Դրան գումարվում է 520 մլն լարի. սա լրիվ դրույքով աշխատողների աշխատավարձն է, ինչը նշանակում է, որ պետական հատվածում աշխատողների աշխատավարձը հասնում է 3,1 մլրդ լարիի։