ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է Մոսկվայի այն մեղադրանքին, թե Վաշինգտոնը ծրագրում է «գունավոր հեղափոխություն» կազմակերպել Վրաստանում և իշխող «Վրացական երազանք»-ին հեռացնել իշխանությունից։
Պետդեպը Մոսկվայի այս պնդումը սուտ է որակել։ Պետդեպի հայտարարությունը տարածել է Foreign Press USA-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:
«Մենք հպարտ ենք վրաց ժողովրդի հետ միասին աշխատելու մեր պատմությամբ՝ ավելի խաղաղ և ժողովրդավարական Վրաստան կառուցելու համար։ Կրեմլը Վրաստան է ներխուժել 2008 թվականին և այսօր զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը՝ միաժամանակ շարունակելով դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ։ Մենք կանգնած ենք Վրաստանի հետ միասին՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի»,- հայտարարել են Պետդեպից։
Նշենք, որ օրեր առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հայտարարություն էր տարածել` պնդելով, թե ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում։ Ուշագրավ է, որ սա Ռուսաստանի արտաքին հետախուզության երկրորդ նմանօրինակ հայտարարությունն է վերջին երկու ամսվա ընթացքում։
Նկատենք՝ Ռուսաստանում հաճախ են խոսում աշնանը Վրաստանում սպասվող «անկարգությունների» մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հուլիսի 4-ին արված հայտարարության համաձայն՝ Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդան» կազմակերպել։
Ուշագրավ է նաև, որ «գործակալների օրենք»-ի կիրարկումից հետո Վրաստանի կառավարության, նաև Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչներն են խոսել Վրաստանում «մայդանային սցենարի» և իշխանությունը տապալելու սպառնալիքի մասին։