Դեսպանը կոչ է անում մասնակցել ընտրություններին

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ երկրի համար պատմական պահին հաստատելով իրենց դիրքորոշումը։

Դեսպանի խոսքով, ընտրություններին մասնակցությունն այն նվազագույնն է, որ պետք է անի յուրաքանչյուր քաղաքացի։

«Եթե ապրում եք ժողովրդավարական հասարակությունում, իսկ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, ապա քաղաքացին իր ձեռքում պետք է պահի իշխանությունը…»,- ասել է Ֆիշերը։

Ֆիշերը դիմել է նաև բոլոր 18 տարին լրացած քաղաքացիներին, նրանց կոչ արել` մասնակցել ընտրություններին։

Ֆիշերն ասել է. «Եթե ԵՄ ճանապարհը ձեզ համար կարևոր է, գնացեք և քվեարկեք։ Սա նվազագույնն է, որը դուք պետք է անեք»։

Դեսպանը երիտասարդներին կոչ է արել անտարբեր չլինել ընտրությունների նկատմամբ:

Ի դեպ, խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց շեմով։ Շեմի հաղթահարման խնդրին չբախվելու համար որոշ կուսակցություններ որոշեցին ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով։