Ցագերիի շրջանի քաղաքապետ Լևան Զալկալիանին հրաժարական է տվել։ Այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցած Ցագերիի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում պատգամավորները տեղեկություն են ստացել քաղաքապետի լիազորությունների դադարեցման մասին։
«Ցագերիի քաղաքային խորհուրդը հաջողություն է մաղթում պարոն Լևան Զալկալիանիին հետագա գործունեության մեջ»,- գրել է քաղաքային խորհուրդը։
Քաղաքապետի հրաժարականի պատճառն այս պահին հայտնի չէ։
Զալկալիանին Ցագերիի քաղաքապետ է ընտրվել 2023 թվականի ապրիլի 29-ի միջանկյալ ընտրություններում «Վրացական երազանք»-ի շարքերից։ Նա միակ թեկնածուն էր և ստացել էր ձայների 100%-ը։
Միջանկյալ ընտրություններն անցկացվել են այն բանից հետո, երբ վետերան ֆուտբոլիստ Գիորգի Նեմսաձեն 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարական էր տվել Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնից։
Համաձայն ընտրական օրենսգրքի՝ եթե քաղաքապետը լքում է պաշտոնը հունիսի 15-ից հետո, ապա քաղաքապետի արտահերթ ընտրությունը պետք է անցկացվի հաջորդ տարվա ապրիլին, թեև այս կարգը չի կիրառվում այն դեպքում, երբ ամսաթիվը համընկնում է հերթական ընտրությունների տարվա հետ։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, հետևաբար միջանկյալ ընտրություններ չեն անցկացվի, և Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Մամուկա Խիմշիաշվիլին։