Ինչո՞ւ «1+4»-ի ստաժավորման ծրագրում շահառուների թիվը բավարար չէ

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը նվազ է պետական ​​հատվածում, ինչն ազգային փոքրամասնությունների ներկայիս մարտահրավերներից է։ Այս խնդիրը լուծելու համար պետությունը ներդրեց «1+4»-ի ստաժավորման ծրագիրը, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս առանց վարձատրության աշխատելու պետական ​​հաստատություններում և ձեռք բերելու փորձ։ Չնայած ծրագրի գաղափարին, զեկույցները վկայում են, որ ծրագրին ուսանողների մասնակցության թիվը բավարար չէ:

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել հանրային ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել մասնագիտական ​​հմտություններ` խթանելու նպատակով նրանց ներգրավվածությունը և քաղաքացիական ինտեգրման գործընթացը: Այս ծրագրի շրջանաիկներում ստաժորները 1-ից 12 ամիս ստաժավորում  են անցնում պետական ​​գերատեսչություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

Ծրագիրը նախատեսված է էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների համար, որոնք օգտվում են «Վրաց լեզվի ուսուցման կրթական ծրագրից» («1+4» ծրագիր): Ամեն տարի «1+4» ծրագրի շահառուների համար հայտարարվում է ստաժավորման ընդունելություն, չնայած դրան, երիտասարդների կարծիքով, ստաժավորման ծրագիրը չի լուծում էթնիկ փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների խնդիրները

Քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ​​ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն ուսումնասիրում են, թե որքանով է պետությունն արձագանքում էթնիկ փոքրամասնությունների կարիքներին: Եզրակացությունն ամեն տարի՝ սկսած 2021 թվականից, հրապարակում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։

2021-2030 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում տարեկան հրապարակվում է և՛ մեկամյա պլանը, և՛ հաշվետվությունը: 2021-2022 թվականների գործողությունների ծրագրի համաձայն՝ 2022 թվականին «1+4» պրակտիկայի ծրագրում պետք է ընդգրկվեին շուրջ 100 նոր շահառուներ/երիտասարդներ։ Սակայն, ինչպես կարդում ենք զեկույցում, 2021-2022 թվականներին ծրագրում ընդգրկվել է 85 շահառու։

Մասնակիցների վիճակագրության հետ մեկտեղ, հետաքրքիր է նաև, թե ստաժավորումն ավարտելուց հետո քանի երիտասարդ է աշխատանքի ընդունվել։ Ցավոք, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը նման տեղեկություն չի հայտնում։

«1+4» ստաժավորման ծրագիրը գործում է 2017 թվականից։ 2022 թվականին ստաժավորման ծրագրին մասնակցել է 18 երիտասարդ (ընդհանուր առմամբ, ծրագրին առայսօր մասնակցել է մինչև 400 շահառու):

Նշենք, որ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը նախկինում հետաքրքրված էր այս նախագծի ընթացքով, քանի որ «1+4» ծրագրին երիտասարդների մասնակցության ցուցանիշը զգալիորեն ցածր էր։ Նշվում էր, որ պասիվության պատճառը զբաղվածության հեռանկարի բացակայությունն է և տեղեկացվածության ցածր մակարդակը։

Որքանո՞վ են երիտասարդները տեղեկացված «1+4» ծրագրի մասին, և ի՞նչ մեխանիզմներ է կիրառում պետությունը դրա համար։

Քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ​​ռազմավարության և գործողությունների ծրագրի համաձայն՝ «1+4» կրթական ծրագրի մասին մինչև 2022 թվականը տնետուն սկզբունքով առնվազն 30 հանդիպում պետք է անցկացվեր Թբիլիսիում, ինչպես նաև Կախեթիի, Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում։

Հաշվետու ժամանակահատվածում Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի նախաձեռնությամբ և համակարգմամբ Քվեմո Քարթլիի մարզում պետական ​​ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական արշավ է անցկացվել: Քարոզարշավի շրջանակներում Վրաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները բնակչությանը տեղեկատվություն են տրամադրել գործակալության իրավասության ներքո գտնվող նորությունների, պետական ​​ծրագրերի և ծառայությունների մասին։ Ընդհանուր առմամբ, կայացել է 8 հանդիպում, որին մասնակցել է շուրջ 250 շահառու։

Ներկայիս վիճակագրությունը հաստատում է, որ նախատեսված 30 հանդիպումներից միայն 8-ն է իրականացվել։ Ըստ այդմ, քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ​​ռազմավարության և գործողությունների ծրագրի այս մասը կատարվել է մասնակիորեն։

Վրաստանի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներում նշվում է, որ երկրի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացված չեն պետական ​​հատվածում իրենց թվին համապատասխան։ Չնայած սրան, «1+4» ծրագրի շրջանակներում ստաժավորում անցած երիտասարդները շատ հաճախ չեն դառնում նախարարությունների, քաղաքապետարանների, ավագանիների աշխատակիցներ, այսինքն` որոշում կայացնողներ։

Հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն հրապարակեց Վրաստանի վերաբերյալ իր չորրորդ կարծիքը։ Զեկույցը մանրամասնորեն ուսումնասիրել է Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսակետից չորրորդ գնահատման շրջանի (2019-2023) ժամանակահատվածում տիրող իրավիճակը։

Կոմիտեն նշել է, որ պատմականորեն էթնիկ փոքրամասնությունները երբեք ներկայացված չեն եղել Վրաստանի օրենսդիր մարմնում՝ բնակչության համամասնությանը համապատասխան։

Կառավարական մակարդակում կա նաև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց պակաս, և տեղական ինքնակառավարման մարմիններում փոքրամասնությունների անհամաչափ ցածր ներկայացվածությունը խնդիր է մնում նույնիսկ այն համայնքներում, որտեղ մեծ թվով էթնիկ փոքրամասնություններ են ապրում (օրինակ՝ Գարդաբանի, Բոլնիսի Դմանիսի, Մառնեուլի, Ծալկա, Ախալցիխե):

Կոմիտեն կարծում է, որ իրավիճակը խնդրահարույց է նաև Թբիլիսիում, որտեղ, չնայած այն բանին, որ բնակչության 11%-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, Թբիլիսիի քաղաքային խորհրդի կամ Թբիլիսիի տեղական իշխանության ոչ մի անդամ էթնիկ փոքրամասնությունից չէ։ Ինչ վերաբերում է քաղաքապետերին, ապա միայն Ախալքալաքում, Մառնեուլիում և Նինոծմինդայում կա էթնիկ փոքրամասնության քաղաքապետ։

Միակ ծրագիրը, որն ազգային փոքրամասնությունների ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու լեզուն և ընդունվելու ցանկալի ֆակուլտետը, ցավոք` երիտասարդների համար աշխատանք չի ապահովում պետական ​​հատվածում։

Վերոնշյալ հարցերի պատասխանները գտնելու համար դիմեցինք Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի աշխատակազմ և տեղեկություն խնդրեցինք վերոնշյալ իրավիճակին հանգեցրած պատճառների և գործոնների մասին, նաև` թե քանի շահառու է աշխատանքի ընդունվել ստաժավորման ավարտից հետո:

«Ծրագրի նպատակը ոչ թե ուղղակի զբաղվածության ապահովումն է, այլ էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող երիտասարդներին աջակցությունը՝ հանրային ծառայության գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու և մասնագիտական ​​հմտությունների զարգացման և փորձի ձեռքբերման միջոցով, որն ի վերջո ծառայում է քաղաքացիական ինտեգրման գործընթացին և մրցունակության բարձրացմանը աշխատաշուկայում»,- պատասխանեցին մեզ պետնախարարի գրասենյակից։

Հաշվի առնելով վերը նշված փաստերը` կարելի է ասել, որ «1+4» ծրագրի պրակտիկան դեռևս չի արձագանքում այն ​​մարտահրավերներին, որոնց բախվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետական ​​հատվածում աշխատանքի ընդունվելու առումով։ Մինչ այժմ չկան տեղեկատվություն և քննարկում, թե ինչպես կարելի է էթնիկ փոքրամասնություններին ամբողջությամբ ներգրավել Վրաստանի քաղաքական կյանքում։ Բացի այդ, հարկ է նշել, որ պետական ​​գերատեսչությունները չունեն ապագայի տեսլական, որը կվերացնի առկա ծրագրերում հայտնաբերված խնդիրներն ու թերությունները։ Ավելին, հասարակական կառույցները չեն կարողանում ապահովել իրենց սահմանած ծրագրի լիարժեք իրականացումը։ Դրանց վկայությունն են հոդվածում նշված փաստերը, որոնց համաձայն՝ 2021-2022 թվականների գործողությունների ծրագիրը կատարվել է մասնակիորեն։