«Վրացական երազանք»-ը երկիրը տանում է դեպի բռնապետություն․ կարծիքներ

Վրաստանում «գործակալների օրենք»-ի («ռուսական օրենք») վերջնական ընդունումից և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների գործունեությունը վտանգի տակ դնելուց հետո, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այժմ փորձելու է լռեցնել ընդդիմությանը: Փաստացի՝ իշխող թիմը Վրաստանում վերջնական բռնապետություն է ուզում հաստատել, նման տեսակետ են հայտնում վրացի փորձագետները:

Ըստ փորձագիտական շրջանակների՝ «Վրացական երազանք»-ը առաջիկա ընտրություններում փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը կամ գոնե մեծամասնունություն ձեռք բերել: Նրանց խոսքով, իշխանությունը վախեցած է, այդ պատճառով ընդդիմադիրներին, քաղհասարակությանը և արևմտյան գործընկերներին հեղինակազրկելով, փորձում է շահել ուլտրաաջ, ռուսամետ ու պահպանողական հայացքներով խմբերի սիրտը, ժողովրդին վախեցնում է իշխանափոխության և արևմտամետ ուժերի իշխանության դեպքում «Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու» միֆով:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ը շարժվում է բռնապետության ուղղով. իշխող թիմը չի վերահսկում Վրաստանում ստեղծված  իրավիճակը, գիտակցում են՝ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական միջավայրում անցկացնելու դեպքում չեն կարողանալու մեծամասնություն կազմել:

«Իշխող թիմն իր հաշվարկներում սխալվում է, թե ընտրություններում ժողովուրդն ավտորիտարիզմին ձայն է տալու, որ քանդեն վրացական ժողովրդավարությունը: Իմ խորին համոզմամբ՝ վրաց հասարակությունը սրան պատրաստ չէ, չի քվեարկի «Վրացական երազանք»-ի օգտին»,- ասաց Զաքարեիշվին:

Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն կուսակցությունում հրավիրված ճեպազրույցում ասել է, որ պետք է սահմանադրական մեծամասնություն ձեռք բերել, որպեսզի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը ճանաչվի որպես հակասահմանադրական ուժ։ Վարչապետը նշել է, որ ՄԱՇ-ը հակասահմանադրական ուժ ճանաչվելուց հետո տրամաբանական կլինի չեղարկել նաև այս կուսակցության անունից ստացած պատգամավորական մանդատները։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նման դեպքում խորհրդարանը կլինի միակուսակցական, վարչապետն այսպես է պատասխանել.

«Խորհրդարանը կմնա ժողովրդավարական ճանապարհով ընտրված, որտեղ «Վրացական երազանք»-ը կունենա սահմանադրական մեծամասնություն, սա սկզբունքորեն կարևոր է… Նման ժամանակ ոչինչ չի լինում։ Մոլդովայի խորհրդարանը գործնականում միակուսակցական է, սակայն բոլորը ողջունում են Մոլդովայի խորհրդարանը։ Նույնը կլինի Վրաստանում։ Նույն ստանդարտը պետք է գործի ԵՄ բոլոր թեկնածու երկրներում…»:

Զաքարեիշվիլիի խոսքով, Կոբախիձեն մոռանում է մի հստակ բան՝ Մոլդովայում չեղարկել են ռուսամետ կուսակցությանը, որը խանգարում էր երկրի եվրատլանտյան զարգացմանը, իսկ Վրաստանում ռուսամետ ուժը ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ հենց «Վրացական երազանք»-ը:

Հարկ է նշել, որ 2023 թվականի հունիսի 19-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը չեղարկել է ռուսամետ «Շորի» կուսակցությունը։ Դատավորները գտել են, որ կուսակցությունը գործել է օրենքի գերակայության սկզբունքների դեմ և սպառնացել է երկրի ինքնիշխանությանը և անկախությանը։ Չնայած այս որոշմանը, սակայն, կուսակցության գործող պատգամավորների մանդատները չեն չեղարկվել, նրանք շարունակում են աշխատել որպես անկախ պատգամավոր։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի դիտարկմամբ, «Վրացական երազանք»-ի պոռթկումների՝ «քաղաքական դաշտը» մաքրելու փորձի, բռնապետություն հաստատելու ցանկության և ընդհանրապես բոլոր քաղաքական կուսակցություններից ազատվելու համարձակ գաղափարի մասին շատ է խոսվել, և այդ բոլոր գաղափարները զզվելի են, ամոթալի, չլսված և վախկոտ, ակնհայտորեն՝ ժողովրդավարական ​​գործընթացին լիովին հակադրվող:

Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ի համար ՄԱՇ-ի գոյությունը կարևոր է, քանի որ իշխող թիմը ՄԱՇ-ին օգտագործել է որպես սպառնալիք՝ քաղաքացիներին վախեցնելու և իշխանությունը պահպանելու համար։ Քաղաքագետի խոսքով, այսօր, սակայն, փոխվել է նաև ժողովրդի վերաբերմունքը «Վրացական երազանք»-ի նկատմամբ, որի պատճառը, ըստ քաղաքագետի՝ «ռուսական օրենք»-ի ընդունումն էր:

«Այսօր «Վրացական երազանք»-ն ավելի թույլ է, քան երբևէ։ Նա կորցրել է հանրային աջակցությունը և փորձում է ընտրազանգվածին գրավել դավադրության տեսություններով, Ռուսաստանի նկատմամբ նոստալգիկ վերաբերմունքով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ և վախով։ «Վրացական երազանք»-ը մեզ ոչ մի նոր բան չի առաջարկում. Ռուսաստանի հետ կարգավորման փորձը և «համադաշնության գաղափարը» ձախողել են, Արևմուտքի հետ հարաբերությունները խզված են, հասարակական աջակցությունը կորած է: Հետևաբար, այս ամբողջը միայն թուլության և վախի նշան է, ինչն ընդդիմությունը պետք է ճիշտ օգտագործի»:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսի շեմով։ Մինչ այս փուլը կատարված ուսումնասիրություններից ոչ մեկը չի հաստատում, որ «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն է ունենալու։ Սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է 150 մանդատից 113-ը։