Ռուսաստանի արտաքին հետախուզությունը պնդում է, որ ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում։ Ուշագրավ է, որ սա Ռուսաստանի արտաքին հետախուզության կողմից արված երկրորդ նմանատիպ հայտարարությունն է վերջին երկու ամսվա ընթացքում։
Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ռուսական պետական լրատվամիջոցները հղվելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի կենտրոնին, գրում են՝ «Սպիտակ տունը ծայրահեղ դժգոհ է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներից»։
Տեղեկության համաձայն՝ «վրացական ոչ կառավարական կազմակերպությունները հավաքագրում են բազմաթիվ կամավորների՝ ուշադիր հետևելու քվեարկության ընթացքին՝ նրանց հանձնարարելով բացահայտել և փաստաթղթավորել կառավարության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման «անխուսափելի փաստերը»»:
Նշվում է, որ «Թբիլիսյան մայդանում» ծրագրում են գտնել ընտրությունների «կեղծիքի ապացույցներ», հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և պահանջել իշխանափոխություն:
«Փորձելու են սադրել իրավապահներին, որպեսզի ստիպեն բողոքի ակցիան ճնշել»,- ասված է Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի կենտրոնի հայտարարության մեջ։
Ռուսական հատուկ ծառայությունը կարծում է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում «ժողովրդից համոզիչ աջակցություն ստանալու իշխանություն կունենա», «քանի որ, չնայած ամերիկացիների ջանքերին, ընդդիմությունը պառակտված է. տարբեր ուժերի կողմից ստեղծված կոալիցիաները թույլ են»։
Ընդգծենք՝ Ռուսաստանում հաճախ են խոսում աշնանը Վրաստանում սպասվող «անկարգությունների» մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հուլիսի 4-ին արված հայտարարության համաձայն՝ Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդան» կազմակերպել։
Ուշագրավ է նաև, որ «գործակալների օրենք»-ի վերսկսումից հետո նաև Վրաստանի կառավարության, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչներն են խոսել Վրաստանում «մայդնայի սցենարի» և իշխանությունը տապալելու սպառնալիքի մասին