Օգոստոսի 25-ին Ամբրոլաուրիում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հերթական նախընտրական հանդիպմանը իշխող կուսակցության առաջնորդները կրկին խոսել են սահմանադրական մեծամասնություն ստանալու կարևորության մասին։
«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ևս մեկ անգամ թվարկել է չորս պատճառները, թե ինչու է իշխող ուժին անհրաժեշտ հոկտեմբերի 26-ի ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալը։ Դրանք են`
- Ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» դատավարությունը,
- «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի ընդունում,
- Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, երկրի կառավարման համակարգը և տարածքային դասավորությունը փոխելու նպատակով,
- Վրաստանի ինքնության և ազգային արժեքների պաշտպանությունը սահմանադրական օրենքով։
Խոսելով չորրորդ պատճառի մասին՝ Իվանիշվիլին կրկին ասել է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները դեռ շարունակվում են, և որ հանրությունը մոտ ապագայում կիմանա այդ մասին։
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը երկար խոսել է ընդդիմության, քաղաքացիական սեկտորի և «թշնամական ուժերի» կողմից եկող պատերազմի սպառնալիքների մասին։
«Նրանք, ովքեր ցանկանում են երկիրը ներքաշել պատերազմի կրակի մեջ, ներքին և արտաքին թշնամիները սպասում են թեկուզ չնչին հնարավորության՝ ազգային իշխանությունը ինչ-որ կերպ փոխարինելու գործակալությամբ (նկատի ունի «գործակալական իշախանությամբ»-հեղ.), ինչը ուղղակիորեն նշանակում է ռումբերի տարափ Վրաստանում և երկրի կործանում։ Մենք իրավունք չունենք գեթ մեկ անգամ սխալվելու՝ ժողովրդի կողմից «Վրացական երազանք»-ին տրված յուրաքանչյուր ձայն, յուրաքանչյուր մանդատ խաղաղության օգտին արված ընտրություն է»,- ասել է Իվանիշվիլին։
«Վրացական երազանք»-ը չի բացառում ընդդիմության մանդատների չեղարկումը