Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին թբիլիսահայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին շնորհել է Ուկրաինայի ազգային լեգենդի կոչում։
Համապատասխան մեդալը տրվել է Կիևի Թատրոնի, երաժշտության և կինոարվեստի թանգարանին։
Սերգեյ Փարաջանովը (1924 — 1990) հայազգի խորհրդային ռեժիսոր է։ Իր կարիերայի տարբեր փուլերում աշխատել է Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի կինոստուդիաներում։ Իր կյանքի զգալի մասը նա անցկացրել է Թբիլիսիում, թեև ռեժիսորն իր առաջին քայլերը կինոյում կատարել է հենց Կիևում։
Ուկրաինայում Փարաջանովն աշխատել է մի քանի ֆիլմերի վրա, այդ թվում՝ «Մոռացված նախնիների ստվերները», որը համարվում է ուկրաինական կինոյի դասական նմուշ։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ՝ չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումներ: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված էր, երբ որոշեց տեղափոխվել Հայաստան:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին:
Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:
Փարաջանովի մասին ավելին՝ կարդացեք այստեղ: