«Վրացական երազանք»-ը չի բացառում ընդդիմության մանդատների չեղարկումը

Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն ենթադրում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը կհաղթահարի միայն «Վրացական երազանքն» ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) կոալիցիան։

Կուսակցությունում հրավիրված ճեպազրույցում Կոբախիձեն ևս մեկ անգամ ասել է, որ պետք է սահմանադրական մեծամասնություն ձեռք բերել, որպեսզի ՄԱՇ-ը ճանաչվի որպես հակասահմանադրական ուժ։ Վարչապետը նշել է, որ ՄԱՇ-ը հակասահմանադրական ուժ ճանաչվելուց հետո տրամաբանական կլինի չեղարկել նաև այս կուսակցության անունից ստացած պատգամավորական մանդատները։

«Մանդատները կարող են չեղարկվել միայն Սահմանադրական դատարանի կողմից՝ գործող Սահմանադրությամբ։ Կարծում եմ, որ կուսակցության արգելման տրամաբանական շարունակությունը կլինի մանդատների վերացումը։ Հնարավոր չէ, որ քրեական քաղաքական ուժի մեղավոր անդամները օգտվեն այնպիսի կարգավիճակից, ինչպիսին Վրաստանի խորհրդարանի անդամն է։ Դա տրամաբանական շարունակություն կլինի», — ասել է Կոբախիձեն։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նման դեպքում խորհրդարանը կլինի միակուսակցական, վարչապետն այսպես է պատասխանել. «Խորհրդարանը կմնա ժողովրդավարական ճանապարհով ընտրված, որտեղ «Վրացական երազանքը» կունենա սահմանադրական մեծամասնություն, սա սկզբունքորեն կարևոր է…

Նման ժամանակ ոչինչ չի լինում։ Մոլդովայի խորհրդարանը գործնականում միակուսակցական է, սակայն բոլորը ողջունում են Մոլդովայի խորհրդարանը։ Նույնը կլինի Վրաստանում։ Նույն ստանդարտը պետք է գործի ԵՄ բոլոր թեկնածու երկրներում…»:

Հարկ է նշել, որ 2023 թվականի հունիսի 19-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը չեղարկել է ռուսամետ «Շորի» կուսակցությունը։ Դատավորները գտել են, որ կուսակցությունը գործել է օրենքի գերակայության սկզբունքների դեմ և սպառնացել է երկրի ինքնիշխանությանը և անկախությանը։ Սակայն, չնայած այս որոշմանը, կուսակցության գործող պատգամավորների մանդատները չեն չեղարկվել, նրանք շարունակում են աշխատել որպես անկախ պատգամավոր։

Նշենք, որ օգոստոսի 20-ին «Վրացական երազանքը» չորս պատճառ է նշել, թե ինչո՞ւ են ցանկանում 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Չորս պատճառներից առաջինը ՄԱՇ-ին հակասահմանադրական ճանաչումն է։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսի շեմով։ Մինչ այս փուլը կատարված ուսումնասիրություններից ոչ մեկը չի հաստատում, որ «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն է ունենալու։ Սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է 150 մանդատից 113-ը։

2024-ի ընտրություններում կուսակցությունների կազմը