Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներն օկուպացված Գալիի շրջանի Օտոբաիա գյուղում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու։
«Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները Թեժ գծով հաստատել են, որ այս դեպքում էլ, այսպես կոչված, «քրեական գործը» հարուցվել է դե ֆակտո «անօրինական միգրացիայի» կազմակերպման դեմ։ Այսպես կոչված, «մեղադրյալ», ապօրինի բերման ենթարկված անձին դե ֆակտո «դատարանը» «դատապարտել է» և երկամսյա «խափանման միջոց» կալանք կիրառել»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ կենտրոնական իշխանությունը գործարկել է առկա բոլոր միջոցները, և ակտիվ աշխատանքներ են տարվում ապօրինի բերման ենթարկվածներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։
Վրացական «Նեթգազեթի» լրատվամիջոցի տեղեկություններով՝ դե ֆակտո հանրապետության պետական անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են, այսպես կոչված, անօրինական միգրացիայի ուղիները` շրջանցելով Վրաստանի տարածքից Աբխազիա պաշտոնապես հաստատված անցակետերը։
2024 թվականի օգոստոսի 17-ին Օտոբաիա գյուղում ձերբակալվել են Աբխազիայի դե ֆակտո տարածքում բնակվելու իրավունք ունեցող Վրաստանի երկու քաղաքացիներ։
Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ այդ երկու անձինք օգնել են այլ անձանց ապօրինի հատել սահմանը՝ օգտագործելով սահմանամերձ կացարանները։
Գործակալության դե ֆակտո տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների բնակության վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են F1 և RGD 5 ձեռքի նռնակներ, 1600 գրամ տրոտիլ, 45 գրամ պլաստիդ, ինչպես նաև տարբեր պարկուճներ և դոլարային թղթադրամներ։
Ըստ, այսպես կոչված, պետանվտանգության ծառայության հայտարարության, իրենց աշխատակիցները ձերբակալել են նաև Ռուսաստանի երկու քաղաքացիների, որոնք փորձել են ապօրինի հատել Վրաստանի և Աբխազիայի դե ֆակտո սահմանը։ Մինչ այդ ՌԴ քաղաքացիներն Աբխազիա են մտել կեղծ փաստաթղթերով։
Դե ֆակտո անվտանգության ծառայությունը նշել է նաև Վրաստանի և Թուրքիայի հանցավոր կառույցների անդամների կողմից սահմանային ռեժիմը խախտելու փորձերի թվի աճի մասին՝ տարածք մուտք գործելու նպատակով։ Աբխազիայում Ռուսաստանի պետական անվտանգության ծառայությունը և Աբխազիայի դե ֆակտո պետական անվտանգության ծառայության սահմանային տնօրինությունը ձերբակալել են 13 անձի, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրանց թվում կան Հորդանանի, Թուրքիայի, Ալժիրի և Պաղեստինի քաղաքացիներ։
Վրացական «Նեթգազեթի» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության պետական անվտանգության ծառայությունը մշակել է նմանատիպ հանցագործությունները կանխելու գործողությունների ծրագիր։