«Evolution Georgia»-ի աշխատակիցներից ոմանք արդեն 39 օր գործադուլ են անում, իսկ երեքը յոթ օր է` հացադուլ։ Եթե Վրաստանի նախագահը, կառավարությունը և հանրային պաշտպանը մինչև ժամը 20:00-ն չարձագանքեն նրանց բողոքին, գործադուլի մասնակիցները կհայտարարեն Դիդուբեում Էրիսթավիի փողոցը փակելու մասին։
Գործադուլավորների նման մտադրության մասին տեղեկությունը տարածել է «Լեյբորի» արհմիությունը։
«Կոչ ենք անում կառավարությանը ներգրավվել կրիտիկական սահմանին հասած հարցի լուծմանը, թույլ չտալ, որ հացադուլավորների կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկվեն, քանի որ յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է այդ մարդկանց համար։
Հորդորում ենք հաշվի նստել մեր պահանջների հետ, քանի որ սովահար մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ստիպված ենք լինելու փակել Դիդուբեի կենտրոնական փողոցը։
Մենք գիտենք, որ մեզ կալանավորելու են, բայց պատրաստ ենք պահպանել սովահար մարդկանց կյանքն ու առողջությունը»,- հայտնել են արհմիությունից։
Հացադուլի մասնակիցների առողջական վիճակին հետևում են տեղում մոբիլիզացված շտապօգնության խմբերը։ Ըստ գործադուլավորների՝ հացադուլավորների շրջանում պարբերաբար նկատվում է արյան մեջ շաքարի կտրուկ անկում, նաև` 5-8 կգ քաշի նվազում, ինչը, ըստ նրանց, սպասելի էր, և իրենք պատրաստ են դրան։
«Մեզանից ոչ ոք, եթե անգամ շատ վատանա, իր կամքով չի դիմի շտապ օգնությանը` մինչև մեզ չտանեն. մի ստիպեք, որ հասնենք այդ վիճակին»,- ասել է հացադուլի մասնակիցներից մեկը՝ Թամար Անսիանին։
Հիշեցնենք. աշխատակիցներն օգոստոսի 2-ից նստացույց են սկսել շենքի մուտքերի մոտ` այդկերպ խոչընդոտելով ելումուտը, իսկ հացադուլը սկսել են օգոստոսի 13-ից։
Նշենք նաև, որ Evolution Georgia-ն՝ ազարտային խաղերի ծառայությունների համաշխարհային մատակարարը, Վրաստանում խոշորագույն գործատուներից է։ Ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, ընդհանուր եկամուտը գերազանցել է 1,8 միլիարդ եվրոն, իսկ զուտ շահույթը գերազանցել է 1,07 միլիարդ եվրոն։ Evolution-ի անցյալ տարվա զեկույցի համաձայն՝ խումբն ունի 17 հազար 763 աշխատակից, որոնցից ամենաշատը՝ 6823-ը, աշխատում են ընկերության վրացական Evolution Gaming Georgia-ի դուստր ձեռնարկությունում:
«Evolution»-ը ժամանակավոր կդադարեցնի իր գործունեությունը Վրաստանում
Evolution Gaming Georgia-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել