Թուշեթիում՝ Աբանոյի լեռնանցքում, բացվել է Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը։
Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները։ Նրանց թվում են պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Գիորգի Ճիճինաձեն և գլխավոր սերժանտ Գիորգի Գոգոճուրին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Անծուխելիձեի կինը՝ Մակա Չիկվիլաձեն և դուստրը՝ Անա Չիկվիլաձեն։
«Օգոստոսի 18-ին մեր ազգային հերոս Գիորգի Անծուխեիձեի ծննդյան օրն է։ Այսօր նրա հայրենի Թուշեթիում՝ Աբանոյի լեռնանցքում, պաշտպանության նախարարության կազմակերպմամբ և ղեկավարությամբ բացվել է նրա հիշատակին նվիրված հուշահամալիր։ Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եմ ստացել մասնակցելու այս գործընթացին։»,- ասել է Գիորգի Ճիճինաձեն։
Գիորգի Անծուխելիձեն այսօր կդառնար 40 տարեկան։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ՝ 23 տարեկանում նա գերի է ընկել։ Խոշտանգումներից հետո նրան ծեծելով սպանել են Ցխինվալիի հինգերորդ դպրոցի մոտ գտնվող եղբայրների գերեզմանատանը։ Նա մինչև 2008 թվականի նոյեմբերը համարվում էր անհայտ կորած։ Վրացական կողմին հանձնված զինվորականների մարմինների գենետիկական փորձաքննության արդյունքում նրա ինքնությունը հաստատվել է։
2013 թվականի ապրիլի 15-ին Վրաստանի նախագահը Գիորգի Անծուխելիձեին ազգային հերոսի կոչում է շնորհել։ Իսկ մահից հետո Գիորգի Անծուխելիձեն պարգևատրվել է Վախթանգ Գորգասլիի 1-ին աստիճանի շքանշանով և Վրաստանի ՊՆ «Հայրենիքին նվիրված» գերատեսչական մեդալով:
2018 թվականի նոյեմբերին Ախմետայում գտնվող գագաթը կոչվել է հերոսի անունով։