Վրաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հրաժարվում են գրանցվել «Օտարերկրյա շահերը կրողների ռեեստրում», սակայն որոշները, որ չեն կարողանում վճարել նախատեսված տուգանքը, նշում են՝ «ստիպված» են գրանցվել։
Գրանցման դեպքում էլ, սակայն, խնդիրները քիչ չեն, քանի որ ՀԿ-ները նշում են՝ ռեեստրում գրանցվելը բարդ գործընթաց է։
«Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» (GDI) ՀԿ-ի իրավաբան Մարի Կուպատաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ բազմիցս լսել է նման խնդիրների մասին։ Նա պարզաբանում է, որ կազմակերպությունը, որտեղ աշխատում է ինքը, չի պատրաստվում գրանցվել «գործակալների ռեեստրում»․
«Բոլորս տեղյակ ենք, որ Վրաստանում հարյուրավոր ՀԿ-ներ են աշխատում տարբեր ուղղություններով, սակայն մեծ մասը չունեն այն ռեսուրսը, որ ունենան ֆինանսների մենեջեր, այն էլ բոլոր նախագծերի շրջանակներում, որպեսզի նա լրացնի դեկլարացիաները, իսկ ռեեստրում ինքնուրույն գրանցվել կարող են ոչ բոլորը», — նշում է իրավաբանը՝ հավելելով, որ այս և այլ պատճառներով էլ որոշ ՀԿ-ներ ամենայն հավանականությամբ կտուգանվեն»։
Իրավաբանը նշում է, որ ռեեստրը ունի նաև անձնական տվյալների հանրայնացման խնդիր․
«Բացի այն, որ այս ռեեստրում կազմակերպության հաշիվները, բոլոր աշխատողների աշխատավարձերն են նշվում, այլ նաև նշվում են կազմակերպության բոլոր աշխատողների կոնտակտային տվյալները։ Սա պարզ է, որ ոչ միայն խախտում է Վրաստանի անձնական տեղեկության պաշտպանվածության մասին օրենքը, այլ նաև Վրաստանի Սահմանադրությունը», — նշում է Կուպատաձեն։
Նշենք, որ Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների, այսօր՝ օգոստոսի 16-ին, այտնեց, որ հրաժարվում է գրանցվել «Օտարերկրյա շահերը կրողների ռեեստրում»։
Կազմակերպություններից մեկը, որ պատրաստվում է գրանցվել ռեեստրում «Վրաստանի կանաչների շարժում» հասարակական կազմակերպությունն է, որի ղեկավար Նինո Չխոբաձեն նշել է, որ «Ստիպված պիտի գրանցվեն, քանի որ այդքան ֆինանս չունեն տուգանքը վճարելու»։
Հիշեցնենք, որ չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։
Օրենքի ընդունումից հետո Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը։