ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին կրկնել է ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, որում իշխող թիմը պատերազմի սկսման համար մեղադրում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
«Նախ` ամեն տարի մեզ շատ զարմացնում է մեր արևմտյան գործընկերների մոլագար ցանկությունը՝ քննարկելու 2008 թվականին Հարավային Օսիայի դեմ Սաակաշվիլիի ագրեսիայի հարցը։ Հաշվի առնելով բացահայտվող փաստերը և Վրաստանի կառավարության դիրքորոշումը՝ սա ավելի ու ավելի շատ հիշեցնում է մազոխիստական վարժանք։ Այլ մեկնաբանություն չեմ անի, պարզապես ձեր թույլտվությամբ կկարդամ «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական խորհրդի հայտարարությունը. սա ուղիղ մեջբերում է»,- ասել է Պոլյանսկին և մեջբերել «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի օգոստոսի 13-ին հրապարակած հայտարարությունից Սաակաշվիլիին ուղղված մեղադրական հատվածը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցին «Վրացական երազանք»-ը հայտարարություն է տարածել, որում իշխող թիմը կրկին խոսել է «Միացյալ ազգային շարժման» (Սաակաշվիլիի հիմնած կուսակցությունն է, որը պատերազմի ընթացքում իշխանության ղեկին էր- հեղ.) պատասխանատվության մասին։ Իշխող թիմը պնդում է, որ «շատ կարևոր է այս իրադարձություններին պատշաճ իրավական գնահատական տալը», ինչը, ըստ նրանց՝ «միանշանակ կարվի» ընտրություններից հետո։
Ռուս-վրացական պատերազմի հանցագործությունների հետքն անջնջելի է․ կարծիք