Վրաստանի՝ ուսուցումը փոքրամասնությունների լեզուներով իրականացվող դպրոցներում վրացերենը դասավանդվում է շաբաթական ընդամենը հինգ ժամ։ Վրացերենի դասաժամերից զատ, ուսումնական ծրագիրը ներառում է պատմության, աշխարհագրության և քաղաքացիական կրթության առարկաների պարտադիր ուսուցում՝ վրացերենով։ Չնայած դրան, մարդկային ռեսուրսների անբավարարության և ուսուցիչների՝ վրացերենի ոչ բավարար իմացության պատճառով այն իրականացվում է մասնակի և որոշ դպրոցներում միայն։
Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի ոչ վրացալեզու (հայկական) դպրոցի 2024 թվականի շրջանավարտ Աշոտ Միսկարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում խոստովանում է, որ դպրոցում ստացած կրթությունը բավարար չէ․ պետական լեզվին լիովին չի տիրապետում։
Աշոտը վստահ է՝ վրացերենի ուսուցմանը պետք է ավելի լուրջ մոտենալ, պատրաստ լինել հաղորդակցվել երկրի պետական լեզվով։
«Լեզուն չիմանալու պատճառով աշակերտները շատ խոչընդոտների են հանդիպում, հաճախ հայտնվում անհարմար իրավիճակում, եթե չունեն թարգմանիչ կամ այլ օգնող», — ասում է Աշոտը:
Ոչ վրացալեզու դպրոցի ուսուցիչներից Լուսինե Դարբինյանը կարծում է, որ չնայած անցած տարիների և այժմյան վիճակագրությունը անհամատեղելի են, սակայն, խնդիրը դեռևս արդիական է: Նրա խոսքով, առանց պետական լեզվի իմացության անհնար է լիովին ինտեգրվել երկրի հասարակական-քաղաքական կյանքում, քանի որ խնդիրներ են առաջ գալիս և՛ ուսման մեջ, և՛ հետագայում աշխատանք փնտրելիս:
«Իմ կարծիքով, եթե հասակակիցների (ազգային փոքրամասնությունների և վրացիների) հետ հաճախակիանան հանդիպումները և տարբեր միջոցառումները, ավելի կհեշտանա լեզվի յուրացումը», — ասում է Լուսինեն՝ հավելելով, որ կա նաև վրացալեզու հեռուստաալիքների անհասանելիության խնդիր:
Որոշ ծնողներ էլ կարծում են, որ ավելի արդյունավետ կլինի, եթե վրաց լեզուն դասավանդի հենց վրացի մասնագետը: Այդպես հաղորդակցվելու հնարավորությունը ավելի մեծ է, ավելի հեշտ կլինի լեզվին տիրապետել:
Սոցիալական արդարության կենտրոնի կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների ուսումնական գործընթացում օգտագործվող դասագրքերը չեն համապատասխանում երկրում գործող 2018-2024 թվականների ուսումնական պլանին: Հետևաբար, այս դպրոցներում սովորողները ստիպված են անընդհատ սովորել հնացած ծրագրով և դասագրքերով։
Սրան զուգահեռ կան նաև այլ խնդիրներ, այդ թվում՝
- Դպրոցներում ուսուցիչների և որակավորման պակաս,
- Դասագրքերի և ուսումնական այլ ռեսուրսների ստեղծման և թարգմանության խնդիր,
- թերի ուսուցում և միասնական ազգային քննությունների ձախողում և այլն:
Խնդրահարույց է նաև փոքրամասնությունների դպրոցներում վրաց լեզվի և գրականության ուսուցիչների անբավարար թիվը։ Անհրաժեշտ է մշակել պետական լեզվի ուսուցման համարժեք մեթոդաբանություն կրթության բոլոր մակարդակների համար՝ սկսած նախադպրոցական կրթությունից։