Վրաստանը սկսել է միջազգային վարորդական վկայականների տրամադրումը, տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ սպասարկման գործակալությունը սկսել է 1949 թվականի սեպտեմբերի 19-ի «Ճանապարհային երթևեկության մասին» Ժնևի կոնվենցիայով նախատեսված միջազգային վարորդական վկայականի տրամադրումը։
Գործակալության տվյալներով, միջազգային վարորդական վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով՝ ազգային վարորդական վկայականի հիման վրա, իսկ փաստաթուղթը վավեր կլինի Վրաստանի սահմաններից դուրս՝ Ժնևյան կոնվենցիայի անդամ երկրներում։
Սպասարկման գործակալությունը տրամադրում է նաև միջազգային վարորդական վկայական, որն ուժի մեջ է 3 տարի ժամկետով, որը նախատեսված է 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայով։ Փաստաթուղթը վավեր է Վրաստանի սահմաններից դուրս՝ Վիեննայի կոնվենցիայի անդամ երկրներում։
Միջազգային վարորդական վկայական ստանալու հարցում հետաքրքրված անձը սպասարկման գործակալություն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ազգային վարորդական իրավունքի վկայական:
Վկայականի տրամադրման արժեքը 109 լարի է։