Իշխանության օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ «ռուսական օրենքի» կիրարկումը, զգալիորեն սաստկացրել են քաղաքական բևեռացումը, ինչը սպառնում է ընտրություններն ազատ պայմաններում անցկացնելու հնարավորությանը, ասված է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) երկարաժամկետ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում։
Ըստ GYLA-ի՝ առաջին միջանկյալ զեկույցն ընդգրկում է մինչև 2024 թվականի հունիս ժամանակահատվածը և արտացոլում է այն էական միտումները, որոնք ազդում են ընտրությունների անցկացման վրա ազատ և արդար միջավայրում։ GYLA-ի գնահատմամբ, այդ միտումներն են՝ քաղաքացիական սեկտորի վարկաբեկում, խոցելի խմբերի դեմ ուղղված օրենսդրություն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգի փոփոխություններ և այլն։
Կազմակերպության տվյալներով՝ դիտորդներն ուշադիր հետևում են քաղաքական ենթատեքստին, լրատվամիջոցների կեցվածքին, ատելության խոսքի կիրառմանը և վարչական ռեսուրսների բաշխմանը։ GYLA-ն նաև ուշադիր հետևում է «ռուսական օրենքի» հնարավոր ազդեցությանը դիտորդ կազմակերպությունների վրա:
«Ընտրությունների օրը GYLA-ի 600 դիտորդներ կդիտարկեն շուրջ 1500 ընտրական տեղամասեր և տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը ողջ երկրում: Անհրաժեշտ է, որ GYLA-ն գրանցի բոլոր ընտրական տեղամասերի ամփոփ արձանագրությունները և անհավասարակշռություն հայտնաբերելու դեպքում պահանջի համապատասխան արձագանք: GYLA-ն նաև իրավական միջոցներ է ձեռնարկում այլ ընտրախախտումների հայտնաբերման դեպքում»,- նշված է GYLA-ի զեկույցում։
Ըստ զեկույցի` քաղաքացիական հատվածի կանխամտածված ու համակարգված վարկաբեկիչ արշավները վատթարացրել են հասարակական տրամադրությունները և հարվածել ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Զեկույցում նշված են նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք, ըստ GYLA-ի, ուղղված են խոցելի խմբերի իրավունքների սահմանափակմանը։