Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցների մի մասը դիմել է բողոքի ծայրահեղ ձևի` հացադուլ է սկսել։
Ըստ գործադուլավոր աշխատակիցների` իրենք հարկադրված են դիմել բողոքի այս միջոցին, քանի որ ընկերությունը, կարծես, բանակցելու մտադրություն չունի։
Նրանց խոսքով՝ Evolution Gaming Georgia-ի վարչակազմն ամեն կերպ փորձում է ընկերությունում ծագած խնդիրների մեղքը բարդել գործադուլ սկսած աշխատակիցների ուսերին։
Ի դեպ, գործադուլ անող աշխատակիցներն օգոստոսի 2-ից նստացույց են սկսել շենքի մուտքերի մոտ` այդկերպ խոչընդոտելով ելումուտը, ինչը խնդիրներ է առաջացրել ընկերության շուրջօրյա սպասարկման առումով։ Շաբաթվա ընթացքում իրավիճակը մի քանի անգամ լարվել է գործադուլավոր աշխատակիցների ու ընկերության անվտանգության աշխատակիցների միջև։
Evolution Gaming-ը՝ ազարտային խաղերի ծառայությունների համաշխարհային մատակարարը, Վրաստանում խոշորագույն գործատուներից է։ Ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, ընդհանուր եկամուտը գերազանցել է 1,8 միլիարդ եվրոն, իսկ զուտ շահույթը գերազանցել է 1,07 միլիարդ եվրոն։ Evolution-ի անցյալ տարվա զեկույցի համաձայն՝ խումբն ունի 17 հազար 763 աշխատակից, որոնցից ամենաշատը՝ 6823-ը, աշխատում են ընկերության վրացական Evolution Gaming Georgia-ի դուստր ձեռնարկությունում: