Վրաստանի Արևելք-Արևմուտք մայրուղու Ռիկոթիի լեռնանցքում՝ հին թունելին զուգահեռ, ավարտվել է 1800 մետր երկարությամբ նոր թունելի շինարարությունը, և օգոստոսի 13-ից երթևեկությունն սկսվել է։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ նոր թունելը լիովին հագեցած է ճանապարհային անվտանգության մեխանիկական և էլեկտրական բոլոր համակարգերով, օդափոխության համակարգով, կապի հաստատման միջոցներով, ծանուցման համակարգերով։ Ընթացքի մեջ է նաև այդ համակարգերի կառավարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։ Երկու զուգահեռ թունելները միացված կլինեն տարհանման երեք ելքով, որոնցից մեկը` մեքենաների ելքով։
«Վստահաբար կարելի է ասել, որ Վրաստանի ամենաերկար թունելները կահավորված կլինեն ճանապարհային անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերով։ Շորապանի-Արգվեթի հատվածի շինարարությունն ավարտական փուլում է, իսկ Չումաթելեթ-Խևի հատվածում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Որոշ մեծ լանջերի մշակումն արդեն ավարտվում է։ Իհարկե, խնդիր կա սայթաքուն հատվածում, այդտեղ նոր ճանապարհ է կառուցվելու, և երթևեկությունը փոխվելու է։ Աշխատանքները կշարունակվեն և, հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, կսկսվի նաև ասֆալտապատումը։ Ըստ այդմ, կարելի է ասել, որ Ռիկոթիի հատվածի շինարարությունը կավարտվի»,- ասել է նախարար Իրակլի Քարսելաձեն։
Նախարարությունից հայտնել են, որ հին թունելում կնորոգվի ճանապարհածածկը, կփոխարինվեն լամպերը, կտեղադրվեն ճանապարհային անվտանգության անհրաժեշտ համակարգեր։
Նշվում է նաև, որ ներկայումս տրանսպորտային միջոցներն օգտագործում են Ռիկոթիի նոր արագընթաց մայրուղու 36 կմ հատվածը, որը ներառում է 77 կամուրջ և 43 թունել։ Ռիկոթիի լեռնանցքում կառուցվում են 52 կմ երկարությամբ 4 գոտիանոց արագընթաց մայրուղի, 51 թունել և 97 կամուրջ։ 51 թունելներից 50-ն ու 97 կամուրջներից 89-ն արդեն կառուցված են։ Նոր ճանապարհը կառուցվել է ճանապարհային անվտանգության բոլոր ժամանակակից չափանիշներով, այդ թվում՝ լուսավորության համակարգով: