Ամերիկացի սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերները այսօր՝ օգոստոսի 9-ին, պաշտոնական այցով կժամանեն Վրաստան։ Տեղեկությունը տարածել է ԱՄՆ դեսպանատունը՝ ընդգծելով այս այցը երկկուսակցական է։
Նշվում է՝ նրանք կհանդիպեն Վրաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Սենատորն ու կոնգրեսականը նաև կծանոթանան ներքին տեղահանվածներին, ձեռնարկատերերին և ուսանողներին աջակցող ԱՄՆ կառավարության ծրագրերին։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարմորեն աջակցել Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին», — նշել է դեսպանատունը։
Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կհանդիպի սենատորին և կոնգրեսականին։
Ուշագրվ է, որ սա ամերիկացի սենատորի և կոնգրեսականի առաջին այցն է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրեց Վրաստանի ֆինանսավորման մի մասը՝ «գործակալների օրենքի» ընդունումից հետո։ Հայտնի չէ՝ արդյոք նրանց այցը կապված է «գործակալների օրենքի» ընդունման հետ։
Հիշեցնենք. չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն: Այդ օրենքը «օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ» է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։
Օրենքի ընդունումից հետո Եվրամիության կողմից արդեն դադարեցվել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, և ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական պատրաստությունը։ Խոսքը նաև Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող նախագծերի կասեցման մասին է։
Օգոստոսի 1-ին ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը լրագրողներին ասել էր, որ չնայած Վրաստանի կառավարության ֆինանսական օգնության դադարեցմանը, ԱՄՆ-ը կշարունակի օգնություն տրամադրել վրացի ուսանողներին, ուսուցիչներին, ֆերմերներին, փոքր բիզնեսի սեփականատերերին, քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: