Աբխազական կողմը հերքում է ռուսական ռազմածովային բազա ստեղծելու լուրը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, չի նախատեսվում ռուսական ռազմածովային բազա ստեղծել, այնտեղ տեղակայված են սահմանային նավակներ:

Շամբայի խոսքով, Սև ծովը կրկին դարձել է լարվածության տարածաշրջան, «ավելի ու ավելի հաճախ են հայտնվում ՆԱՏՕ-ի նավերը, այնտեղ թռչում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները»։

«Մենք չենք կարող չանհանգստանալ դրա համար: Մեզ անհանգստացնում է նաև այն, որ Սև ծովում ռազմական գործողություններ են ընթանում»,- ասել է Շամբան:

Նշենք, որ օրերս՝ առցանց Bellingcat-ի հետաքննող լրատվամիջոցը գրել էր, որ Ռուսաստանն սկսել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, ռուսական ռազմական և ռազմածովային ուժերի մշտական ​​բազայի կառուցումը: Ըստ Bellingcat-ի ուսումնասիրած արբանյակային պատկերների՝ շինարարական գործունեությունն արագացել է 2024 թվականի սկզբից, նկատվել է մի քանի նոր շինություն:

Հիշեցնենք, որ Օչամչիրե քաղաքի նավահանգստում հուլիսի 10-ին ռուսական ռազմանավ էր հայտնվել:

Ի դեպ, Օչամչիրեում ռուսական ռազմանավի հայտնվելու նախապատմությունը 2023 թվականի հոկտեմբերին հայտարարված Ռուսաստանի ցանկությունն է՝ այնտեղ մշտական ​​ռազմածովային բազա բացել և ռազմական նավատորմ տեղակայել։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ Օչամչիրե քաղաքում ​​ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշել է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։

Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և դրա ենթակառուցվածքն ուկրաինացիների հարվածների պատճառով են տեղափոխվում Վրաստան. դրանք տեղակայվելու են Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: