Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցների բողոքի 28-րդ օրը գործադուլ հայտարարած աշխատակիցները փոխում են գործադուլի ձևաչափը։ Նրանք հրաժարվել են «Համերաշխության շղթա» ակցիայից, որը ենթադրում էր շենքի մուտքերի մոտ նստացույց։
Գործադուլի պահանջները բավարարելու նպատակով Evolution Gaming Georgia-ի աշխատակիցները հացադուլ են հայտարարել։
Դեռ հայտնի չէ, թե երբ են գործադուլ արած աշխատակիցները սկսելու հացադուլը, և նրանցից քանիսը կմիանան բողոքի այդ ծայրահեղ ձևին։ Նրանք Evolution Gaming Georgia-ին կոչ են արել ընդառաջել գործադուլի պահանջներին և «ստեղծել արժանապատիվ աշխատանքային պայմաններ աշխատողների համար»։
Ի դեպ, գործադուլ անող աշխատակիցները օգոստոսի 2-ից նստացույց են սկսել շենքի մուտքերի մոտ, այդ կերպ փակել ճանապարհը, ինչը խնդիրներ է առաջացրել ընկերության շուրջօրյա սպասարկման համար։ Շաբաթվա ընթացքում իրավիճակը մի քանի անգամ լարվել է գործադուլ արած աշխատակիցների ու ընկերության անվտանգության աշխատակիցների միջև։
Evolution Gaming-ը՝ ազարտային խաղերի ծառայությունների համաշխարհային մատակարարը, Վրաստանում խոշորագույն գործատուներից է։ Ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, ընդհանուր եկամուտը գերազանցել է 1,8 միլիարդ եվրոն, իսկ զուտ շահույթը գերազանցել է 1,07 միլիարդ եվրոն։ Evolution-ի անցյալ տարվա զեկույցի համաձայն՝ խումբն ունի 17 հազար 763 աշխատակից, որոնցից ամենաշատը՝ 6823-ը, աշխատում են ընկերության վրացական Evolution Gaming Georgia-ի դուստր ձեռնարկությունում: