Նախագահը կառավարության քայլերը դավաճանություն է որակում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարության գործողությունները, որոնք հանգեցրել են Լուգարի ​​լաբորատորիային և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին (NCDC) ԱՄՆ-ի կողմից 2 մլն լարիի ֆինանսավորման դադարեցմանը, անվանել է «ուղղակի դավաճանություն երկրի նկատմամբ»։

Ըստ Զուրաբիշիվիլիի՝ Լուգարի ​​լաբորատորիայի և ամերիկացի փորձագետների, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (CDC), Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) ներդրումը Վրաստանի քաղաքացիների առողջության և անվտանգության ապահովման գործում անչափելի է:

«Մենք ոչինչ չունենք ասելու, բացի շնորհակալությունից։ Այն ժամանակ, երբ երկրի ժողովրդագրական ցուցանիշները գտնվում են աղետալի մակարդակի վրա, երբ հարյուր հազարավոր մարդիկ լքում են երկիրը, Ամերիկայի հետ նման կարևոր կապը խզելn ուղղակի դավաճանություն է երկրի հանդեպ։ Աշխարհում վարակիչ համաճարակների աճող սպառնալիքի ֆոնին Վրաստանի կառավարությունը համարձակվում է և միտումնավոր ծայրահեղ իրավիճակի մեջ է դնում բոլոր այդ լաբորատորիաներն ու ծրագրերը, առանց որոնց մենք լիովին խոցելի ենք մնում սպասվող համաճարակների նկատմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահի գնահատմամբ՝ կառավարության գործողությունները վնասում են նաև Վրաստանի հեղինակությանը. «Խոսքը միայն գումարի մասին չէ, խոսքը վերաբերում է հեղինակությանը վնասելուն, տասնամյակների մասնագիտական ​​կապերը խզելուն և երկու երկրների միջև հաստատված վստահությանը և համագործակցությանը երես թեքելուն»:

Զուրաբիշվիլին նկշել է՝ անընդունելի է, երբ կառավարությունը միտումնավոր և համառորեն ոչնչացնում է երկրի հաջողության բոլոր ոլորտները:

Ի դեպ, օգոստոսի 6-ին Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից Լուգարի ​​լաբորատորիան և NCDC-ին տրվող 2 մլն լարիի ֆինանսավորումը կասեցվել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Վրաստանի կառավարությանն ավելի քան 95 մլն դոլարի ուղղակի օգնությունը։ Որոշման պատճառ է դարձել վրացական ժողովրդավարության անկումը և Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը։