«One Caucasus»-ը երաժշտական փառատոն է, որը տարիներ շարունակ անցկացվում է Վրաստանում:
Միջոցառման նպատակն է երիտասարդներին ծանոթացնել կովկասյան տարածաշրջաններին։ Փառատոնը ներառում է նաև վավերագրական ֆիլմերի նկարահանում և ցուցադրություն, սպորտային մրցույթներ, ֆոտոցուցասրահի ստեղծում, լրագրողական սեմինարներ և այլ միջոցառումներ։
Նշենք նաև, որ փառատոնի աջակիցներն են «Շեմոքմեդեբիթի Սաքարթվելո» («Ստեղծագործ Վրաստան»-հեղ.) կազմակերպությունը, Լեհաստանի մշակույթի նախարարությունը, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը, Վարշավայի քաղաքապետարանը, Մառնեուլիի քաղաքապետարանը, ինչպես նաև Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը, ասված է «One Caucasus»-ի պաշտոնական էջում:
Ծրագիրը Վրաստանում հիմնվել է 2014 թվականին, այս տարի նշում է իր 10-ամյակը: Աշխատանքի հիմնական մասը սկսվում է օգոստոսի առաջին կեսին, երբ միջազգային կամավորները ժամանում են Ծերաքվի և սկսում են աշխատել տարբեր խմբերում:
Ծրագրի կամավորներից մեկն էլ Մելանյա Հովհաննիսյանն է, նա արդեն երկրորդ տարին է Հայաստանից ժամանում է Վրաստան՝ իր առաքելությունը կատարելու: Ըստ Մելանյայի, ծրագիրը միտված է արվեստի և երաժշտության միջոցով խաղաղություն հաստատել տարածաշրջանում, քանի որ երաժշտությունը միակ լեզուն է, որ բոլորը հասկանում են անկախ ազգությունից և էթնիկ պատկանելությունից:
«Անցյալ տարի պատահմամբ տեսա ծրագրում կամավորության մասին հայտարարությունը, ուսումնասիրեցի և հասկացա, որ իմ հմտությունները պետք կլինեն այստեղ, և խաղաղություն հաստատելու գործում ինքս կարող եմ ներդրում ունենալ: Ինձ համար շատ կարևոր էր ևս մեկ հայկական գյուղի համար ինչ-որ լավ բան անել: Եթե չմասնակցեի, գուցե ևս մեկ գյուղ անուշադրության մատնվեր, քանի որ յուրաքանչյուր կամավոր աշխատում է միայն մեկ գյուղի նոր սերնդի հետ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց Մելանյան՝ հավելելով, որ հետագայում շարունակելու է կամավորությունը, քանի որ ծրագիրն իրեն շատ է դուր գալիս:
Ծրագրի մասնակիցներն այցելում են տարբեր գյուղեր, իրականացնում workshop-եր: Մելանյան կամավորներից մի քանիսի հետ օգոստոսի 14-ին Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղում էր: Նրանք աշխատում են երիտասարդ սերնդի հետ, բացահայտում նրանց ունակությունները և նկարահանումներ իրականացնում:
Նշենք, որ «One Caucasus»-ը որոշ ենթակառուցվածքների զարգացման հիմքն է դրել` ներառյալ Ծերաքվի գյուղի ճանապարհի վերանորոգման, Կովկասում առաջին անգամ մասնակցային բյուջեի ստեղծման և այլն:
Հատկանշական է, որ այս տարի Ծերաքվիում անցկացվելու է նաև կանանց համար նախատեսված հեծանվավազքի ծրագիր՝ «Velo Sakartvelo», որն անվտանգ և արդյունավետ հեծանվային դասընթացներ, վստահության ձևավորման պրակտիկա է:
Բուն փառատոնը այս տարի ևս կանցկացվի Մառնեուլիի շրջանի Ծերաքվի գյուղում: Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ փառատոնը կտևի 4 օր՝ օգոստոսի 22-ից 25-ը ներառյալ: