Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում չեղարկել Վրաստանի տարածքների «անկախության» ճանաչումը

Ռուսաստանի Վրաստան ներխուժման 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 7-ին հայտարարություն է տարածել։

Բլինքենը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքի քսան տոկոսը։

«Այսօր մենք հիշում ենք Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստան ներխուժման տասնվեց տարին և հիշում ենք ռուսական ռազմական արշավի և անօրինական օկուպացիայի հետևանքով զոհվածներին, վիրավորներին ու տեղահանվածներին։ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքի քսան տոկոսը և իր կամքը պարտադրել տեղի բնակչությանը, այդ թվում՝ քայլեր է ձեռնարկում Աբխազիայի ռազմավարական նշանակություն ունեցող հողերը Ռուսաստանին հանձնելու և Օչամչիրեում մշտական ​​ռազմածովային բազա ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Բլինքենը Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008 թվականի 6 կետից բաղկացած համաձայնագիրը և չեղարկել Վրաստանի շրջանների, այսպես կոչված` անկախության ճանաչումը։

«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հարգել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դուրս բերել իր ուժերը մինչ հակամարտությունը եղած դիրքեր և թույլ տալ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին` չեղարկել Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անկախության ճանաչումը։ Այս գործողությունները թույլ կտան տասնյակ հազարավոր ներքին տեղահանվածների ապահով վերադառնալ իրենց տները»,- նշել է Բլինքենը։

Նա ընդգծել է, որ անսասան է ԱՄՆ-ի աջակցությունը վրաց ժողովրդի եվրատլանտյան ապագայի և հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումներին։