Հոկտեմբերին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և բարձրագույն օրենսդիր մարմինը կհամալրվի նոր կազմով։ Ինչպես գիտեք, 2024 թվականի ընտրություններից հետո Վրաստանում կգործարկվի լիովին համամասնական ընտրակարգը։ Ըստ այդմ՝ ներկայիս խորհրդարանը վերջին գումարման խորհրդարանն է, որտեղ ներկայացված են բնակչության ընտրած մեծամասնական պատգամավորները։
Ելնելով այն իրողությունից, որ 2020-2024 թվականների խորհրդարանի լիազորությունները դե ֆակտո ավարտվել են, փորձենք համառոտ անդրադառնալ էթնիկ հայ բնակչություն ունեցող շրջանների ներկայացուցիչների խորհրդարանական գործունեությանը։
10-րդ գումարման խորհրդարանում ներկայացված է ընդամենը ազգությամբ հայ 2 պատգամավոր։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում Սամվել Մանուկյանն ընտրվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի (Վրաստանի 10-րդ գումարման) մեծամասնական պատգամավոր, իսկ կուսակցական ցուցակով ընտրվել է Սումբատ Կյուրեղյանը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ 2023 թվականին ազգությամբ հայ պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը անգամ մեկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Ըստ նշված ուսումնասիրության` Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանն ընդունված օրենքների քանակով նույնպես նվազագույն նշագծի վրա են։ Անցյալ տարվա տվյալներով՝ խորհրդարանն ընդունել է նրանց նախաձեռնած ընդամենը մեկ օրենքի նախագիծ։
Նշենք նաև, որ 2022 թվականին, TI-ի տվյալներով, խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքից չի օգտվել 18 պատգամավոր։ Նրանցից 10-ը մեծամասնության անդամներ են, 8-ը՝ ընդդիմության։ Մեծամասնության պատգամավորների թվում են Սումբատ Կյուրեղյանը և Սամվել Մանուկյանը։
Հատկանշական է նաև, որ երկու պատգամավորներն էլ՝ Սումբատ Կյուրեղյանը և Սամվել Մանուկյանը, և՛ 2023 թվականին, և՛ 2024 թվականին, պաշտպանել են «գործակալների մասին օրենքը»:
Սամվել Մանուկյանի հայտարարագիրը
Սամվել Մանուկյանը խորհրդարանում երկրորդ գումարման պատգամավոր է։ Նա պատգամավոր է եղել նաև 9-րդ գումարման խորհրդարանում՝ 2016 թվականից:
Ըստ պատգամավորի լրացրած հայտարարագրի՝ ինքը համատեղ ապրում է կնոջ՝ Գայանե Մանուկյանի, մոր՝ Աղավնիկ Մանուկյանի և որդու՝ Հայկ Մանուկյանի հետ։ Մանուկյանի խոսքով՝ ինքն ունի միայն մեկ բնակելի տուն, որը ժառանգություն է ստացել, թեև հայտարարագրում պարզաբանում է, որ տունն իրականում այլ անձի է պատկանում։ Պատգամավորի մոր անունով գրանցված են երկու կոմերցիոն տարածք, մեկ պահեստ և մեկ բնակելի տուն։
Հայտարարագրի համաձայն՝ Մանուկյանը 2023 թվականին ձեռք է բերել 179 հազար 400 լարի արժողությամբ ավտոմեքենա, ինչպես ինքն է նշել՝ վարկով, որը մարել է նույն տարում: 2019 թվականին ձեռք է բերել 11 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ևս մեկ ավտոմեքենա։ Իր մոր՝ Աղավնիկ Մանուկյանի անունով է հաշվառված ժառանգություն ստացած մեքենան: Փաստաթուղթը լրացնելու պահին Մանուկյանների բանկային հաշիվներին մուտքագրված է եղել ընդհանուր առմամբ 2569,90 լարի։
Անցյալ տարի Աղավնիկ Մանուկյանը կոմերցիոն տարածքի վարձակալմամբ վաստակել է 25 հազար 500 լարի։ Սամվել Մանուկյանը որպես աշխատավարձ ստացել է 45 731,52 լարի։ Տարեվերջին որպես անձնական խնայողություն ունեցել է 35 հազար լարի։
Պատգամավորի խոսքով՝ ինքը երեք ձեռնարկությունում ունի 50 տոկոս բաժնետոմս, թեև դրանց գործունեությունից եկամուտ չի ստացել։ Պատգամավորն իր հայտարարագրում նշել է, որ 2022 թվականին 250 հազար լարի վարկ է վերցրել, որից 178 հազար 500 լարին մարել է 2023 թվականին։ 2023 թվականին լրացուցիչ վարկ է վերցրել 187 հազար լարիի չափով, որից վճարել է 51 հազար 810 լարի 9 թեթրի։ Հին մեքենան վաճառելով` Մանուկյանը վաստակել է 41 հազար 600 լարի։
Նշենք նաև, որ 2019 թվականին Վրաստանի խորհրդարանի 59 պատգամավորներից 31-ը սխալ են լրացրել հայտարարագիրը և տուգանվել։ Պատգամավորների տուգանքների մասին տեղեկությունը տարածել է Հանրային ծառայության բյուրոն, որի հաղորդմամբ՝ տուգանված պատգամավորների թվում է եղել նաև Սամվել Մանուկյանը։ Նա տուգանվել է, քանի որ` 1. հայտարարագրում նրա ընտանիքի անդամի անշարժ գույքը հանրային ռեգիստրի համաձայն չի հաստատվել, ինչպես նաև ընտանիքի անդամի անշարժ գույքը նշված չի եղել, 2. բյուրոյի պահանջած փաստաթղթերի մի մասը չի ներկայացվել, 3. ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտները սխալ են ներկայացված եղել, 4. իր և ընտանիքի անդամի աշխատավարձը նշված չի եղել:
TI-ի 2021 թվականի հաշվետվության համաձայն՝ Սամվել Մանուկյանը բաժնետոմսեր ունի 3 ընկերություններում՝ «Գրանդ» ՍՊԸ, «Կրիստալ» ՍՊԸ և «Գեոփուդ» ՍՊԸ։ Երեք ընկերություններում էլ նա ձևակերպված է որպես գործընկեր և ունի 50 տոկոս բաժնետոմս, որը մինչ այդ պահը ոչ մեկին չի տվել տնօրինելու համար։ Սամվել Մանուկյանի հետ «Գրանդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մյուս 50 տոկոսը պատկանում է Գագիկ Արևյանին, «Կրիստալ» ՍՊԸ-ում բաժնետոմսերի մյուս 50 տոկոսը պատկանւոմ է Արմեն Պասպանդյանին, «Գեոֆուդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մյուս 50 տոկոսը պատկանում է Սամվել Գոգորյանին։ Ըստ հանրային ռեգիստրի քաղվածքի՝ նշված երեք անձինք ևս ընկերություններում ունեն տնօրենի կարգավիճակ։ Ըստ հայտարարագրված եկամուտների՝ «Վրացական երազանք»-ի պատգամավորն այս ընկերություններից ոչ մի լարի չի ստացել։
Սումբատ Կյուրեղյանի հայտարարագիրը
Սումբատ Կյուրեղյանն առաջին անգամ է խորհրդարանում: Մինչ պատգամավոր դառնալը` տարիներ շարունակ, նա զբաղեցրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահի պաշտոնը։
Կյուրեղյանի լրացրած հայտարարագրի համաձայն՝ ինքն ապրում է կնոջ՝ Սասնուհի Կյուրեղյանի հետ։ Սումբատ Կյուրեղյանին է պատկանում 119 105 քառակուսի մետր երեք ոչ բնակելի տարածք և 20 778 քառակուսի մետր երեք հողատարածք: Ինչ վերաբերում է կնոջը, ապա նա ունի ընդհանուր 1581 200 քառակուսի մետր երեք հողատարածք։
Կյուրեղյանը 70 հազար 700 լարի արժողությամբ երկու ավտոմեքենա ունի։ Հայտարարագիրը լրացնելիս Սումբատ և Սասնուհի Կյուրեղյանների հաշվեհամարին մուտքագրված է եղել 61 հազար 84 լարի 81 թեթրի և 1988 ԱՄՆ դոլար։
2023 թվականին պատգամավորը միայն գյուղմթերքի իրացումից ստացել է 65 հազար լարի եկամուտ, իսկ պատգամավորի աշխատավարձից՝ 48 հազար 471 լարի 6 թեթրի։ Նրա կինը՝ Սասնուհի Կյուրեղյանը, որպես Գորելովկա գյուղի թիվ 2 հանրակրթական դպրոցի տնօրեն, ստացել է 10 հազար 641 լարի 45 թեթրի:
Ենթադրյալ կոռուպցիոն գործունեություն
Մեծամասնության պատգամավոր Սումբատ Կուրեղյանին քաղաքացիական կազմակերպություններն ու լրատվամիջոցները բազմիցս անվանել են կոռուպցիոն սխեմաներին ենթադրյալ մասնակցող անձ։ TI-ի «Բարձր մակարդակի կոռուպցիայի ենթադրյալ դեպքեր» զեկույցում կարդում ենք, որ, ըստ լրագրողական հետաքննության՝ ապակենտրոնացման փոխարեն Ջավախեթիում դեռևս կլանային իշխանություն է։ Հողատարածքի մեծ մասը հայտնվել է մի քանի ազդեցիկ ու հարուստ մարդկանց տնօրինության տակ։ Օրինակ՝ Սումբատ ու Սեյրան Կյուրեղյաններին է պատկանում Մոնակո պետությունից մի քանի միլիոն քառակուսի մետր մակերեսով ավելի մեծ հողատարածք: 2020 թվականից Սումբատ Կյուրեղյանը խորհրդարանում «Վրացական երազանք»-ի պատգամավոր է, մինչ այդ` 2012-2020 թվականներին, եղել է Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահը։ Նրա հայրը՝ Սեյրան Կյուրեղյանը, 17 տարի եղել է Նինոծմինդայի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Սումբատ Կյուրեղյանը, նրա կինը, մայրը, հայրը և որդին Ջավախեթիում ընդհանուր առմամբ մոտ 3 800 000 քառակուսի մետր հողատարածք ունեն:
«Պուբլիկա» լրատվամիջոցը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին «Պայքար հողի համար. կոռուպցիայի 30 տարի Ջավախեթիում» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածում կարդում ենք, որ Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք»-ի կուսակցական ցուցակից Սումբատ Կյուրեղյանը Ջավախեթիի խոշոր հողատերերից է։ Եթե հենվենք նրա կողմից 9 տարվա ընդմիջմամբ լրացված հայտարարագրերին, ապա այսօր Կյուրեղյանի ընտանիքը պետք է անհամեմատ ավելի քիչ ունեցվածք ունենա։ Այնուամենայնիվ, նրանց ունեցվածքի բաց տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարիների ընթացքում ավելի շատ հողատարածքներ են դարձել Կյուրեղյանների սեփականությունը:
Սումբատ Կյուրեղյանի կինը՝ Գորելովկայի թիվ 2 հանրակրթական դպրոցի տնօրեն Սասնուհի Կյուրեղյանը, 9 տարվա ընթացքում կարողացել է ձեռք բերել 157,3 հեկտար տարածք։ Դրանցից երեք հողատարածք 2015 թվականին ձեռք է բերվել մեկ օրում: Խոշոր հողատեր է նաև դպրոցում նրա տեղակալ Լեյլի Մարկոսյանը, որն ունի առնվազն 60 հեկտար հողատարածք: Լեյլի Մարկոսյանը Սումբատ Կյուրեղյանի քույրն է։
«Պուբլիկա»-ն գրել է, որ Սումբատ Կյուրեղյանի մայրը՝ Մարգարիտ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ունի ավելի քան 158 հեկտար հողատարածք։ Վերջին 10 տարում նրա ունեցվածքին ավելացել է 28 հա հողատարածք։ Պատգամավորի հայրը՝ Սեյրան Կյուրեղյանը, ունի ավելի քան 139 հեկտար հողատարածք։ 2013 թվականից հետո նրա ունեցվածքն ավելացել է 29 հեկտարով։ 2022 թվականին Սումբատ Կյուրեղյանն իր հայտարարագրում չի նշել ծնողների և երեխաների մասին։
«Կյուրեղյանի որդին՝ Սեյրան Կյուրեղյանը, Գորելովկայում 9 հեկտար վարելահող ունի, թեև պատգամավորի ոչ մի հայտարարագրում դրա մասին տեղեկություն չկա։ Հայտարարագրից դուրս մնացած երկրորդ երեխային՝ Սիրանուշ Կյուրեղյանին է պատկանում Գորելովկայում գտնվող ոչ գյուղատնտեսական հողատարածքը»,- գրել է «Պուբլիկա»-ն։
«Ազատություն ռադիոկայան» լրատվամիջոցի «Ազատության մոնիտոր»-ի 2023 թվականի օգոստոսի 5-ին հրապարակած «Ջավախեթիի ֆեոդալը» հետաքննության մեջ Սումբատ Կուրեղյանը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե իր հայրը պաշտոնի համա՞ր է գույք ստացել, թե՞ ոչ։ Կյուրեղյանն ասել է, որ լրագրողը սխալվում է ու առանց մեկնաբանության հեռացել է: