Միասնական ազգային քննությունները լիովին փոխեցին Էդիկի կյանքը: Բժիշկ դառնալն այլևս ոչ թե երազանք է, այլ ժամանակի հարց:
Էդիկ Ղազազյանը Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է: Նա այս տարի հանձնել է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննությունները էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրի շրջանակներում և հավաքել 73 միավոր՝ առավելագույն 80-ից (100% ֆինանսավորմամբ):
«Իրականում քննության արդյունքները մի փոքր անսպասելի էին, բայց ոգևորող, չնայած դրան, քննությունից առաջ առանձնապես անհանգստություն չեմ ունեցել, ինչ-որ վստահություն կար մոտս»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում անկեղծանում է Էդիկը՝ հավելելով, որ վերլուծական առարկաներ, հատկապես մաթեմատիկա շատ է սիրում, գերազանց Է սովորել դպրոցում:
Դժվարությունները, ըստ նրա, կապված էին բանավոր մասի հետ, ոչ թե մաթեմատիկայի, այդ պատճառով էլ մոտ 3-4 ամիս պարապել է անհատական պատրաստողի մոտ: Ավելացնում է նաև, որ ընդհանուր ունակությունների թեստերը հեշտ չեն, առանց կողմնակի պարապմունքների դժվար կլիներ հանձնել բարձր միավորներով:
Էդիկը պատրաստվում է կրթությունը շարունակել Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում:
«Մասնագիտության առումով շատ չեմ տատանվել, միշտ էլ հոգով զգացել և իմացել եմ, որ բժիշկ եմ լինելու։ Մանուկ հասակում բժիշկ դառնալը երազանք էր, առավել հասուն տարիքում արդեն պատասխանատվություն մասնագիտության հանդեպ, հետաքրքրություն, նորանոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն բժշկության ասպարեզում»,- ոգևորությամբ պատմում է Էդիկը, հավելելով՝ բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո մագիստրատուրայում և ռեզիդենտուրայում արդեն ավելի նեղ մասնագիտական ուսում կստանա։
Ասում է՝ «1+4» ծրագիրը Վրաստանում կրթություն ստանալու շատ մեծ հնարավորություն է, հեշտացնում է ազգային փոքրամասնությունների համար բուհական կրթությունը։
Նշենք նաև, որ Էդիկը մասնակցել է 2023-2024 ուստարվա քիմիայի ազգային օլիմպիադային՝ զբաղեցնելով առաջին տեղը: Օլիմպիադան անց է կացվել 3 փուլով՝ դպրոցական, շրջանային և հանրապետական։
«Արկածները այդքանով չեն ավարտվում: Ազգային օլիմպիադան հաղթելուց որոշ ժամանակ անց ինձ հետ կապ հաստատեցին՝ ինձ հրավիրելով քիմիայի միջազգային օլիմպիադայի ընտրական փուլերին մասնակցելու, որը տեղի էր ունենալու մայիսի 11-12-ին, երկու էտապով, հետո արդեն հիմնական փուլերը կկայանար արտերկրում, — պատմում է Էդիկը,- մտավախություն ունեի, որ օլիմպիադան կհամընկնի միասնական քննությունների ամսաթվին, սակայն քննությունների օրերը հրապարակվելուց հետո հոգուցս մի մեծ բեռ ընկավ, արդեն կարող էի հանգիստ մեկնել երկրից դուրս»,-ամփոփում է Էդիկը:
Նշենք, որ քիմիայի 2024 թվականի միջազգային օլիմպիադան անց է կացվել Սաուդյան Արաբիայում, մայրաքաղաք Էլ-Ռիադում՝ հուլիսի 21-ից 31-ին:
Էդիկը ապագա ուսանողներին խորհուրդ է տալիս լավ մտածել մասնագիտության ընտրության հարցում, ճիշտ որոշում կայացնել, ընտրել մասնագիտություն, որի հանդեպ կունենան մեծ պատասխանատվություն՝ պատրաստ լինելով դրան նվիրել ողջ կյանքը: