ԵՄ-ի հավատարմությունը Վրաստանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը մնում է անսասան։ Այդ մասին նշված է Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը վերաբերում է 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցին:
Վրաստանում Եվրամիության Արտաքին գործողությունների ծառայության հրապարակած հայտարարության մեջ Բորելը գրել է, որ շարունակվում է Վրաստանում հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների ոտնահարումը և «սահամանազատումը»:
«Մենք դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի շարունակական ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված ինքնահռչակ շրջաններում, ինչը խախտում է միջազգային իրավունքը և հակասում է Ռուսաստանի պարտավորություններին 2008 թվականի օգոստոսի 12-ին ձեռք բերված վեց կետից բաղկացած համաձայնագրով»,- նշված է Բորելի հայտարարության մեջ:
Բորելը նաև ընդգծել է՝ Վրաստանում հակամարտությունից տուժած բնակչության մարդու իրավունքների խախտումները շարունակվում են, այդ թվում՝ «սահմանային» քաղաքականության, անցակետերի փակման և ռուս զինվորականների և դե ֆակտո իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալությունների արդյունքում. «Պետք է վերջ տրվի ազատ տեղաշարժի սահմանափակումներին, պետք է հետաքննություն անցկացվի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, և պետք է ապահովվի արդարադատություն բոլոր զոհերի համար»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն աջակցում է օգոստոսի 12-ին ստորագրված վեց կետից բաղկացած համաձայնագրի ամբողջական իրականացմանը։
«Եվրամիությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է հայտարարության մեջ։