Զուգդիդիի շրջանային դատարանը Վիտալի Գուգուչիային չազատազրկեց 5000 լարիի չափով գրավի դիմաց. նա մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով (ծեծ, որն առաջացրել է ֆիզիկական ցավ) և 154-րդ հոդվածի առաջին մասով (լրագրողի մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտում), որը նախատեսում է մինչև 1 տարի ազատազրկում։
Խոսքը, մասնավորապես, մայիսի 31-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ կառավարական քարոզչական POSTV-ի նկարահանող խումբը գնացել էր Գուգուչիայի տուն և սադրիչ հարցեր ուղղել ակտիվիստին ու նրա կնոջը։ Դրան հաջորդել են հարձակումներ։
Հարձակման հետևանքով Վիտալի Գուգուչիայի կինը, մայրը և երեխաներից մեկը մարմնական վնասվածքներ են ստացել։
Նշենք, որ Գուգուչիան այն խանութի սեփականատերն է, որտեղից «Վրացական երազանք»-ի պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն նարինջ է նետել «հայտնի» օրենքը ընդունելու համար փողոցում բղավոցներով դիմավորողներից մեկի ուղղությամբ, ինչից հետո վերադարձել է խանութ՝ ներողություն խնդրելու, բայց այնտեղ նրան հակադարձել են, որ «խնդիրը նարինջը չէ, այլ այն, որ նա խլել է երեխաների ապագան»։
Հիշեցնենք նաև, որ Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» («ռուսական օրենք») քննարկման և ընդունման ժամանակ հատուկջոկատայինները ցուցարարների են բերման ենթարկել, որոնց դեմ սահմանվել են տարբեր պատժամիջոցներ։