Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ադրբեջանցի լրագրող Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու փորձը, հայտարարել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը։
Amnesty International-ը մատնանշել է միջազգային իրավունքով Վրաստանի ստանձնած պարտավորությունները: Կրիվոշեևն ասել է՝ չարտահանձնման սկզբունքի պահանջների համաձայն, Վրաստանը պետք է ապահովի Սադիգովի և նրա կնոջ պաշտպանությունը, եթե վերջիններս նման ցանկություն հայտնեն:
«Թերևս, քչերն են կասկածում, որ Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելով՝ նա չի հայտնվի մարդու իրավունքների ոտնահարման, այդ թվում՝ խոշտանգումների, ազատությունից կամայական զրկվելու և անարդար դատավարության ակնհայտ ռիսկի առաջ։ Սադիգովի գործն Ադրբեջանում անկախ լրատվամիջոցներին արմատախիլ անելու միտման շարունակությունն է։ Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրագրողների և կառավարությանն այլ քննադատողների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլորին, ովքեր ձերբակալվել են պարզապես իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար», — ասել է Կրիվոշեևը:
Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:
Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնվելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։
Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։
Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։