Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) արդեն հրապարակել է միասնական ազգային քննությունների և Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով վրաստանյան բուհեր ընդունվելու համար «Ընդհանուր ունակությունների» քննության դիմորդների նախնական արդյունքները:
Այն դիմորդները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները: Դիմորդը կարող է բողոքարկել և՛ մեկ, և՛ մի քանի առաջադրանք:
Բողոքարկման դիմումների ընդունումը կսկսվի վաղվանից՝ օգոստոսի 7-ից, ժամը 10:00-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 9-ը, ժամը 18:00-ն։
Բողոքարկելու համար քննվողը պետք է բացի այս հղումը, համապատասխան սյունակներում լրացնի անձնական համարը (պիրադի նոմերի), հնգանիշ գաղտնաբառը: Նշված նիշերը մուտքագրելուց հետո պետք է սեղմել «Մուտքը», այնուհետև «Լրացրեք դիմումը» և սկսել նշել այն առաջադրանքները, որոնք դիմորդը ցանկանում է բողոքարկել:
Բողոքարկումը վճարովի է, վճարը կազմում է 50 լարի. վճարում հնարավոր է կատարել ցանկացած վճարման համակարգից: